Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարի հետ 

Հոկտեմբերի 9-ին կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կանադայի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում և վերջին շրջանում բարձրաստիճան շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հյուրընկալելու ու բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Պարադին երախտագիտություն է հայտնել Դակարի գագաթաժողովում ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Կանադայի կողմից առաջարկված՝ Միկայել Ժանի թեկնածությանը սատարելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Նախարար Պարադին ընդգծել է այն նշանակալի դերը, որը խաղում է կանադահայ համայնքը իր երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում:

Էդվարդ Նալբանդյան ու Քրիստիան Պարադին մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայից ժամանած շուրջ 17000 փախստականներ։ Նախարար Պարադին իր հերթին ներկայացրեց Մերձավոր Արևելքում փախստականներին և տեղահանված անձանց Կանադայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը։

ԱԳՆ ղեկավարը հյուրին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Back to top button