Պաշտոնական

ԱԳ նախարարն ընդունեց Մավրիկոսի Կոնգոյի պաշտոնակիցներին

Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մավրիկիոսի արտաքին գործերի նախարար Ջաքդիշ Դհարամչանդ Կունջուլի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար և նշեց, որ հնարավորություն է ունեցել այցելել Մավրիկիոս և ջերմ հիշողություններ է պահպանում այդ այցից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Կունջուլը նշեց, որ շատ ուրախ է գտնվել Երևանում, ինչը հնարավորություն է ընձեռում նաև քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս առումով կարևորվեց երկկողմ հարաբերությունների զարգացումը և փոխադարձ այցելությունների կազմակերպումը։

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների հաստատման վերաբերյալ։

Հանդիպմանը անդրադարձ արվեց կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, այդ առումով երկուստեք կարևորվեց նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք գագաթաժողովի անցկացումը։

+ + +

Հոկտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ժան-Կլոդ Գակոսսոյին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հաճելի է Նյու Յորքում երկու շաբաթ առաջ կայացած հանդիպումից հետո հանդիպել Երևանում և շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։

Նախարար Գակոսոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ դեռ Լենինգրադում ուսանելու տարիներին հնարավորություն է ունեցել ծանոթանալու հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ և այժմ շատ ուրախ է, որ իրեն ներկայացնում իր երկիրը Երևանում՝ Ֆրանկոֆոն ընտանիքի համար այս կարևոր միջոցառմանը։

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ իրավապայմանգրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ։

Կոնգոյի արտգործնախարարը ներկայացրեց Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացները, իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները և տնտեսական ու ներդրումային հնարավորությունները։

Back to top button