Քաղագլխի թշնամին Կարմիր գրքի գորշ արջն է


Արջը քարագլխեցիների բարեկամ, թե թշնամի, դժվար է ասել, սակայն Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչները դժգոհում են արջերի ներկայությունից: Հաճախ են այցի գալիս, վնասում պտղատու ծառերը, փեթակներն ու հեռանում: Արջին վնասել չեն կարող, քանի որ գրանցված է կարմիր գրքում, իսկ հասցրած վնասն էլ՝ չի փոխհատուցվում:
Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքի չափանիշներով գորշ արջը նվազագույնն է վտանգված բնության մեջ, սակայն գտնվում է խոցելի վիճակում: Հայաստանում գորշ արջերն ապրում են Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Ընդգրկված են այն վայրերում, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկուզենիներ, ինչով էլ սնվում են արջերը:
Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում յուրաքանչյուր տնտեսություն ունի տանձի, խնձորի, ընկուզենու այգիներ, զբաղվում են մեղվապահությամբ, ինչն էլ հրապուրել է արջերին մտնելու բնակավայր ու համեղ սնվել:
Տիկին Հրանուշը սրտնեղել էր արջի հասցրած վնասից, որը րոպեների ընթացքում ոչնչացրել էր այն, ինչը ձեռք էին բերել տարիների ընթացքում: Արջը գալիս է գիշերով կամ լուսաբացին, հասնում մինչև իրենց տան բակը, բարձրանում ընկուզենու ծառն ու ջարդում ճյուղերը, իջնում և ուտում ընկույզները:
Արջերը գյուղում մշտական անկոչ հյուրեր են, հավանաբար քաղցն է ստիպում նրանց մտնել բնակավայրեր: Պետիկ Մինասյանը մատնացույց անելով իր մեղվափեթակները, որոնց մեծ հոգատարությամբ և խնամքով է վարաբերվում ավելացնելով փեթակների թիվը, զայրույթով է խոսում արջի վնասի մասին՝ մեղուների բազմացման շրջանում ջարդել էր փեթակներն ու կերել մեղրը:
Արջի հասցրած վնասից հետո մեղվապահ –այգեգործը դարձյալ ավելացրել է փեթակների թիվը: Իսկ ծառերին հասցված վնասը չի կարող վերականգնել, ծառերը կանգուն են, սակայն զրկվում են պտղատու ճյուղերից:
Որքան էլ զայրացած, սակայն քարագլխեցիները չեն կորցնում հումորի զգացումը: Ինչու է արջը մտնում բնակավայր և սնվում այգիների մրգերով ու մեղրով, հարցին պատասխանեցին. «Բարդ հարց է, արջի փոխարեն կարող եմ պատասխանել, միգուցե, կերած-խմած է, բայց մի հատ էլ ուզի վրայից մեղր ուտի»:
Քարագլխի բնակիչները զբաղվում են նաև անասնապահությամբ, անասուններին վախով են արոտավայր տանում, երբեմն հանդիպում են արջին: Մարդուն և անասուններին վնաս հասցնելու դեպքեր տարին մեկ-երկու անգամ գրանցվում է, որքան էլ զգույշ են, սակայն արջից խուսափելու միջոց չունեն:
Պետիկ Մինասյանը անձամբ 5 անգամ փրկել է մարդուն գիշատչի ճանկերից ու հասցրել հիվանդանոց: Ինքն է հաճախ հանդիպել արջի: Նշում է, որ արջերը մոտ լինելով բնակավայրերին ՝ արդեն ընտելացել են աղմուկին, ինչը էլ չի անհանգստացնում գիշատչին:
Քարագլխում հիմա քաղցրացել է տանձն ու խնձորը, համով տարբերվում է վայրի մրգերից, բնակիչները կատակում են, թե մեր մրգերի համն ընկել է բերանը՝ էլ մեզնից չի հեռանում: Իրականում արջերի հասցրած վնասը մեծ է. «Դիմել ենք գյուղապետին, մարզպետին, ասում են չի թույլատրվում արջին խփել, գրանցված է Կարմիր գրքում։ Եթե չի թույլատրվում՝ էդ վնասն ո՞վ պետք է տա»,- ասացին գյուղացիները: Գազանը վնասում է, գյուղացին՝ տուժում, կառավարությունն էլ՝ լռում: