Տնտեսական

Տնտեսական աճը միայն պարտքերի հաշվին է. տնտեսագետ

lianaeghiazaryan
Այս տարի անցյալ տարվանից ենք վատ ապրել, եկող տարի այս տարվանից էլ ենք վատ ապրելու: Տնտեսագետ Վիլեն խաչատրյանն է այսօր իր նման տեսակետով կիսվել լրագրողների հետ: Իր այս հայտարարության հիմքում տնտեսագետը դրել է այս տարվա ֆինանսական ցուցանիշերն ու եկող տարվա բյուջեով նախատեսվող ծախսերը: 2016-ին հարկային եկամուտների ավելացում չի սպասվում, սակայն սպասվում է ծախսերի ավելացում, նկատում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու տարակուսում` կառավարությունը իր ծրագրածից էլ ցածր տնտեսական աճը ապահովում է միայն ամեն ամիս ավելացվող պետական պարտքի միջոցով: Դեֆիցիտը եկող տարի թույլատրելի շեմն էլ է գերազանցելու, իսկ թոշակներն ու նվազագույն աշխատավարձը չեն բարձրանալու:

 

Հայաստանի կառավարությունը տնտեսական աճի տարեսկզբյան կանխատեսումը 4.1 տոկոսից նվազեցրեց 2.5 տոկոսի, եկող տարվա համար կանխատեսում է ավելի փոքր աճ` 2.2 տոկոս: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն, այսօր խոսելով այս տարվա ֆինանսական վիճակի եւ եկող տարվա բյուջեի մասին, շեշտել է` անգամ նվազման ուղղությամբ վերանայված տնտեսական աճը կառավարությունն ապահովել է միայն ներգրավված պարտքերի միջոցով: Այս տարի կառավարությունը պետական պարտքը 4 մլրդ 441 մլն-ից հասցրել է 5 մլրդ 122 մլն դոլարի: Եկող տարվա համար էլ  նոր պարտքեր են նախատեսում վերցնել: Սա հարուցում է տնտեսագետի տարակուսանքը: Ինչպես կարող է գործադիրը միայն պարտքերի հաշվին ծախսեր ծրագրել ու դեռ ավելացնել ծախսերը, հատկապես, երբ եկող տարի հարկային եկամուտների եւ ոչ մի ավելացում չի սպասվում: Վիլեն Խաչատրյանն այսպիսի օրինակ է բերել` երբ ընտանիքը եկամտի ոչ մի ավելացում ու ավելացման հույս էլ չունի, բայց ավելացնում է ծախսերը: Վիճակի վատ լինելը փաստում է նաեւ եկող տարվա բյուջեի դեֆիցիտի կանխատեսվող ցուցանիշը: Այս տարվա 2.3 տոկոսի դիմաց  2016-ին դեֆիցիտը կգերազանցի թույլատրելի 3 տոկոսի սահմանը` հասնելով 3.8 տոկոսի:  Տնտեսագետը մատնանշում է պարտքերի ու պարտքերի միջոցով իրականացվածի տարօրինակ պատկերը:

«680 մլն դոլար միայն պարտք են վերցրել, ապահվել միայն 300 մլն դոլարի տնտեսական աճ: Այսինքն` գնում ենք մինուս: Ինչ է դուրս գալիս, որ մենք արել ենք ծախսեր, որոնց համար չենք ունեցել եկամուտներ, ինչի համար էլ ստիպված ենք եղել գնալ բյուջեի դեֆիցիտի ավելացման: Ինչ վերաբերում է 2016-ին, ապա եկող տարի հարկային եկամուտները չեն աճելու: Ընդհանուր առմամբ` միայն պետբյուջեի շրջանակներում սպասվում է 1 մլրդ դրամի նվազեցում»:

Կառավարությունը եկող տարվա բյուջեով նվազեցրել է ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման ընդհանուր ծախսերը, բացառությամբ մի քանիսի, օրինակ` վառելիքաէներգետիկ ռեսուրսների: Փոխարենը, սակայն, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ` անհասկանալիորեն ավելացվել են սուբսիդավոման ծավալները: Ինչու, ինչպես կարելի է, հարց է տալիս տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«2015-ին սուբսիդիաները եղել են 33 մլրդ դրամ, 2016-ին նախատեսվում է 122 մլրդ: Ում են այդքան սուբսիդավորում, ինչու այդքան շատ: Միայն սուբսիդիաների հոդվածով կարելի է կրճատել 89-90 մլրդ դրամի ծախս: Ավտոմեքենաների, ձեռքբերվող սարքավորումների համար գումարը 14 մլրդ դրամով ավելացել է: Նման քաղաքականության հետեւանքով մեր բյուջեի վրա շատ մեծ ծանրություն է ընկնում»:

Վիլեն Խաչատրյանն այլ հաշվարկներ էլ ունի: Հայաստանի ամեն քաղաքացու ուսերին այսօր ծանրացած է շուրջ 1700 դոլարի պարտք: Այս թիվը ստացվում է, երբ մեր պետական պարտքը բաժանում ես մեր քաղաքացիների թվին: Թե այդ վարկերի ծախսումը որքանով արդյունավետ է իրականացվում, հարցի այլ կողմն է: Բայց սրանով հանդերձ` եկող տարի չի սպասվում ոչ նվազագույն աշխատավարձի, ոչ էլ թոշակների ավելացում: Իսկ սոցիալական բեւեռացվածության աստիճանը, այսինքն` աղքատների եւ հարուստների հարաբերակցությունը, 80-20-ի է հասել, պատասխանելով «Ռադիոլուր»-ին, ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Բնակչության 80 տոկոսը պարտքով ապրում է հասարակության 80 տոկոսը, նրանց ծախսերն ու եկամուտները հավասարակշռված չեն, ու նրանք չեն կարողանում իրենց բարեկեցությունն ապահովել: Մնացած 20 տոկոսից միայն 10 տոկոսն է իր եկամուտներով լավ ապրում:

Back to top button