Հասարակություն

Հայաստանի և Նիգերի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Նիգերի արտգործնախարար Այչատու Բուլամա Կանեին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին ներկա գտնվելու համար։ Նախարարը, նշելով, որ խորհրդանշական է ընդունել Նիգերից Հայաստան ժամանած առաջին պատվիրակությանը, հավելել է, որ այս այցը հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու շուրջ քննարկումներ ունենալու համար:

Նախարար Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Նիգերի ԱԳ նախարարին Մեքքայում՝ հաջի ընթացքում, տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Նիգերի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Նիգերի արտգործնախարարը իր գոհունակությունն է հայտնել Երևանում գտնվելու և Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման շուրջ քննարկումներ ունենալու կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Նիգերի արտգործնախարարը ներկայացրել է տարածաշրջանում Բոկո հարամ և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:

Կարդացեք նաև
Close
Back to top button