ԿարևորՀասարակություն

Բաց, հրապարակային, բազմաբովանդակ. ԱԺ փոխնախագահը՝ Հանրային ռադիոյի մասին (լրացված)

լրացված է ժամը 17։14- ին

lenabadeyan

Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2014-ի ծրագրերի իրականացման հաշվետվությունը: Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատանքների գնահատականներն այսօր տալիս էին արդեն պատգամավորները՝ իրենց ելույթների միջոցով: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթի իր իավունքով հայտարարել է, որ նախորդ տարիների համեմատությամբ, Հանրային հեռուստառադիոընկերությունն արձանագրել է առաջընթաց՝ բոլոր ուղղություններով: Աժ փոխնախագահը ցանկացել է առանձին-առանձին խոսել Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության մասին:

 

«Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Հանրային ռադիոյի աշխատանքներից: Մասնավորապես թե՛ նրա մշակութային, թե՛ կրթական, նախ եւ առաջ լրատվական ծրագրերը Հանրային ռադիոյի բավականին բաց են, հրապարակային են, բազմաբովանդակ են, բազմակարծությունը ապահովված է: Եթե տարիներ առաջ Հանրային ռադիոն չէր կարողանում այլ մասնավոր ռադիոընկերությունների կամ միջազգային ռադիոընկերությունների հետ մրցակցության մեջ դիմանալ, ապա ես կարծում եմ, որ գոնե մեր լսարանի մի լուրջ զանգվածը մշտապես լսում է Հանրային ռադիո: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեր ռադիոընկերության ստեղծագործական կազմին»:

Հանրային ռադիոյի աշխատանքներին անդրադարձել է նաեւ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա գնահատականը հետեւյալն է. «Ես էլ եմ ուզում առանձնացնել ռադիոն եւ հեռուստատեսությունը: Այսօր ամենամեծ ընդդիմախոը նույնսիկ չի կարող ռադիոյի մասին շատ բացասական բաներ ասել, նույն իշխանությունների հետ կապված նույնիսկ չի կարող ասել: Ես օգտվում եմ ռադիոյից օրական երեք ժամ՝ մեկ ժամ գնում եմ, մեկ ժամ գալիս եմ, մեկ ժամ էլ օրվա ընթացքում: Գոհ եմ ե՛ւ ինֆորմացիայից, ե՛ւ քաղաքական մեկնաբանություններից: Ես կարծում եմ, որ Հանրային հեռուստատեսությունը սկիզբը դրել է, կա այդ առաջընթացը»:

Հանրային հեռուստատեսության մասին խոսելիս՝ Շարմազանովին ուրախացնում է, որ այլեւս ռեյտինգային հաղորդումներին չի տրվում առաջնային նշանակություն, այլ՝ Հանրայինը փորձում է իրականացնել իր իրական՝ կրթելու, դաստիարակելու եւ ճաշակ ձեւավորելու նպատակը:

«Շատ լավ է, որ Հանրայինը գիտակցում է, որ ռեյտինգային հաղորդումների հետեւից չպետք է ընկնել: Եթե ռեյտինգին նայենք, ամենառեյտինգայինը կլինեն անճաշակ կլկլոցները, էրոտիկ հաղորդումները: Դասական երաժշտությունը հնարավոր է ամենառայտինգայինը չէ, բայց ամենաորակյալն է, Կոմիտասը կարող է ամենառայտինգայինը չէ, բայց Կոմիտաս պետք է հնչի ու շատ լավ է, որ հնչում է»:

Այս ամենի մասին չխոսեց պատգամավոր եւ «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը: Նա դժգոհ է եւ խորը կասկածներ ունի, թե ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը հայտնվել են ինֆորմացիոն բլոկադայի մեջ:

«Ասենք իշխանությանը ձեռնտու չէ անընդհատ լսել, որ 30-40 տոկոս աղքատություն կա՝ դա ցույց չեք տալիս: Խոսքը իմ մասին է, ինչ է նշանակում, որ հազար հոգուց ավելի մարդ հավաքվում են, հիմնադրում քաղաքական կուսակցություն եւ Հանրայինը նպատակահարման չի գտնում լուսաբանել: Գիտեք, արգելված պտուղը միշտ ավելի հետաքրքրական է եւ դրա արդյունքում անգամներով բազմապատկում եք ուշադրությունը նրանց նկատմամբ, ում փորձում եք ուշադրությունից հեռու պահել»:

Օրվա ավարտին հեռուստատեսային եւ ռադիոյի ընդհանուր ոլորտի, խնդիրների եւ քաղաքականության մասին խոսեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Նույնպես ներկայացնում էր հաղորդում 2014 թվականի գործունեության մասին: Պատգամավորներին տեղեկացրեց, որ անցյալ տարի հանրապետությունում գործել է 98 հեռուստաընկերություն եւ 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովն անցյալ տարի չի մերժել հեռուստածրագրերի կաբելային-մալուխային լիցենզիա ստանալու դիմումները, ըստ այդմ՝ հատկացրել է 7 լիցենզիա: Իսկ լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու մասին դիմումների հիման վրա ուժը կորցրած է ճանաչվել 5 լիցենզիա:

ՀՌԱՀ նախագահին ուղղվող հարցերից շատերն առնչվում էին հատկապես մասնավոր, այսինքն՝ որեւէ մեկին պատկանող հեռուստաընկերություններում բազմակարծության ապահովմանն ու «հեռուստակիլերությանը», երբ, օրինակ՝ հեռուստատեսային հնարքներով, այսպես ասած «ոչնչացվում»  է որեւէ գործիչ, քաղաքական ուժ կամ անցանկալի որեւէ մեկը:

Գագիկ Բունիաթյանը հատուկ ընդգծեց, որ հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու համար մշակված չափանիշներից բազմակարծությունն ընդամենը պայմաններից մեկն է: Պետք է հաշվի առնվի նաեւ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը, հեռուստաընկերության բիզնես-ծրագրի հնարավորությունները, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններն ու աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

 

Back to top button