Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սերգիև Պոսադի և Շաղվիո Շավանիոյի քաղաքապետերին

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Էջմիածին քաղաքի տոնի առիթով Հայաստան ժամանած Սերգիև Պոսադ քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Պոտյակինին (ՌԴ) և Շաղվիո Շավանիոյի քաղաքապետ Ժերար Դեշամին (Ֆրանսիա)` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական և հայ-ֆրանսիական բարեկամական կապերը զարգանում են նաև քաղաքների միջև հաստատվող գործակցությամբ:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հյուրերին է ներկայացրել  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունը` ընդգծելով, որ այն դարեր շարունակ մշտապես քայլել է հայ ժողովրդի հետ` առաջնորդելով համայն հայության հոգևոր կյանքը:

Իրենց հերթին քույր քաղաքների ղեկավարներն ուրախություն են հայտնել համայն հայության հոգևոր կենտրոնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանն արժանանալու համար:

Հանդիպմանը ներկա է գտնվել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Back to top button