Հասարակություն

Փաստաբանները սահմանադրության նախագծում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են տեսնում

lianaeghiazaryan

Հայ փաստաբանների 52 հոգանոց խումբը, սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանգամանորեն ուսումնասիրելով, հանգել է այն եզրակացության, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ կատարելու օբյեկտիվ անհրաժեշտություն այս պահին չկա: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշված խմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտարարել է` նախագիծը հետընթաց է գործող Սահմանադրությունից: Մայր օրենքի տարբեր հոդվածների փոփոխությունները փաստաբաններին խիստ մտահոգիչ են թվում: Նրանք պնդում են` «Ոչ»-ն է այն պատասխանը, որ պետք է տրվի սահմանադրական փոփոխությունների կատարմանը:

 

24 տարվա անկախություն ունեցող Հայաստանի համար սահմանադրական 3 բարեփոխումները նախ չափազանց շատ են, բացի այդ` ոչ դրանց իմաստը կա, ոչ էլ` անհրաժեշտությունը, այսօր հայտարարեց փաստաբան Գեւորգ Գյոզալյանը: Մասնագետը խոսում է հայ փաստաբանների 52 հոգանոց խմբի անունից: Այս խումբն ավարտել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի ուսումնասիրությունները, եւ այսօր խմբի անդամները ներկայացրին իրենց մասնագիտական կարծիքը` մեկ ընդհանուր կոչով` «Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:

Գեւորգ Գյոզալյանը այս դիրքորոշումը նախ բացատրում է այսպես` իրականում ոչ թե բարեփոխում, այլ նոր Սահմանադրություն է առաջարկվում: «Չունենք պատասխան, թե ինչու են այդ փոփոխություններն արվում, հասկանում ենք, որ փոփոխությունները միտված են կայուն մեծամասնություն ունեցող խորհրդարանական համակարգին անցնելուն»,- ասում է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը: Բայց վտանգ կա, որ Հայաստանը միակուսակցական կառավարման կարող է գնալ, ինչը կարող է կործանարար լինել։

Չկա առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության հարցում, կան վտանգավոր մոտեցումներ, օրինակ` անձի կրկին դատվելու առումով: «Նոր սահմանադրությամբ անձի նկատմամբ նույն արարքի համար կարող է քրեական գործ հարուցվել, անգամ եթե նա դատարանով արդարացվել է: Ինչ վերաբերում է կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելուն, սովորաբար այս փորձն աշխատում է այն երկրներում, որտեղ կա կայացած կուսակցական համակարգ, եւ կուսակցությունները կախված չեն անձանցից, ինչը չես կարող ասել Հայաստանի համար»,- մտահոգություններն են շարունակում Գյոզալյանը։

Սահմանադրական փոփոխությունների մասին նույնօրինակ ուսումնասիրություն կատարել են նաեւ Փաստաբանների պալատի անդամները: Դիտարկումները, սակայն, տարբերվում են: Եթե փաստաբանների 52 հոգանոց այս խումբը հստակ «Ոչ» է ասում նախագծին, ապա պալատի անդամներն առաջնորդվում են «Լավ կլիներ, եթե…»  մոտեցմամբ, նկատում է խմբի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Այս փաստաբանն ակնհայտ է համարում լուրջ հետընթացը Սահմանադրության նոր նախագծի` կոնկրետ մարդու իրավունքներին առնչվող  գլխում: Դրանում չկա որևէ կետ, որով անձի իրավունքներն ավելի առաջնային լինեն, քան՝ գործող Սահմանադրությունում է, ասում է: Մայր օրենքով այսօր անձն իրավունք ունի իր ամուսնու, մերձավորի նկատմամբ ցուցմունք չտալ: Սահմանադրության նոր նախագծով, սակայն, առաջարկվում է այլ ձեւակերպում։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին է շեշտում` իրենց խմբի եզրակացությունը մեկն է՝ ուղղակի պետք է «Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: «Ակնհայտ է դառնում, որ այս փոփոխություններով դատական համակարգը փոխանցվում է մեկ կուսակցության: Թե որ կուսակցությանը, բոլորս գիտենք: Իսկ իշխանության կենտրոնացումը մեկ կուսակցության ձեռքում ոչ թե ուղղակի հետընթաց է, այլ՝ կոլապս»,- նկատում է Վարոսյանը:

Շուրջ 5 տասնյակ փաստաբաններն իրենց ասելիքն ու զգուշացումներն ուղղում են  հանրությանը, բոլոր քաղաքացիներին, ովքեր գնալու  են քվեարկության:

Back to top button