

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ տեսակետները բազմաթիվ են և տարբեր, բայց ակնհայտ է, որ կա քաղաքական կոնսոլիդացիա, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով գործընթացի վերաբերյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատական գնահատականներին: Նա նշել է՝ որևէ քննադատություն որպես մարտահրավեր կամ սպառնալիք չի դիտարկում:
Խոսելով տնտեսական իրավիճակի մասին՝ Հովիկ Աբրհամյանը հորդորել է չշտապել ձախողումներ գտնելու հարցում: Չեմ կարծում, թե շատ բացասական իրավիճակ ունենք, ասել է վարչապետը և հույս հայտնել, որ 4-րդ եռամսյակում ներմուծման և արտահանման ակտիվություն է գրանցվելու:
«Տնտեսության վիճակը նորմալ է այն առումով, որ այս պահին չունենք որևէ սոցիալական ծրագիրը, որը խաթարված է: Տրնասֆերտները, բոլորդ գիտեք, մոտ 25 տոկոսով պակասել են, բայց ունենք գյուղատնտեսության ոլորտի աճ, որով փորձում ենք մեղմացնել այդ բացը: Համոզված եմ, որ տարեվերջին կարձանագրենք 3- 3.5% անգամ 4 % աճ:»:
Հովիկ Աբրահամյանը խիստ միանշանակ է արտահայտվել ՀԷՑ-ի վաճառքի հարցին։ Նա վստահ է, որ կարճ ժամանակհատվածում արդյունքերը տեսանելի են լինելու: «Սա հաջողված գործարք եմ գնահատում: Վստահ եմ, որ այդ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում դառանլու է առողջ, արդյունավետ ընկերություն և այն բոլոր վատ երևույթները ՝ թալան և այլն, որոնց մասին խոսում էիք, եթե եղել են, վերանալու են»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տնտեսության վիճակի մասին