Միջազգային

Ուկրաինայում արգելված 520 անունների մեջ կան նաեւ հայեր

armenvardanyan

Ուկրաինայում այլեւս Ամիրյան փողոց գոյություն չի ունենա։ Այս երկրի Ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է 520 պատմական դեմքերի անուններ, որոնց «անունները պետք է ջնջվեն Ուկրաինայի քարտեզից», ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Ցուցակում այն պատմական դեմքերն են, որոնց գործունեությունն առնչվում է դեկոմունիզացման օրենքին։ Այդ մարդիկ «ղեկավար պաշտոններ են գրավել կոմունիստական կուսակցության, ԽՍՀՄ ու ՈՒԽՍՀ, այլ միութենական եւ ինքնավար խորհրդային հանրապետություններում, ինչեպս նաեւ ԱՀ-ԳՊՈւ-ԷնԿաՎեԴե-ՊԱԿ-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հենց այդ ցուցակում է նաեւ Բաքվի 26 կոմիսարներից Արսեն Ամիրյանի անունը։ Ի դեպ՝ նրա անունն է կրում Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը՝ Ամիրյան փողոցը։ Ցուցակում կան այլ հայազգի գործիչներ եւս. Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանը, որի անունն են կրում մեր Ստեփանակերտ եւ Ստեփանավան քաղաքները, Խորհրդային հայտնի գործիչ, Քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանը, որի արձանը Երեւանում կանգնեցնելու քաղաքապետարանի որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ Լեհաստանի դեսպանատունը բողոք հայտնեց, որովհետեւ Միկոյանը Կատինի զանգվածային սպանությունների կազմակերպիչներից մեկն էր, խորհրդային տարիներին լեգենդար համարվող Կամոն՝ Սիմոն Տեր- Պետրոսյանը։

Ուկրաինական դեկումունիզացման ցուցակում նաեւ մարքսիզմի դասականներն են՝ Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը եւ Վլադիմիր Լենինը։

Ցուցակում նաեւ Խորհրդային Միության երկարամյա ղեկավարի՝ Լեոնիդ Բրեժնեւի անունն է, որը ծնվել է Ուկրաինայում, այստեղ երկար ժամանակ աշխատել է, այստեղից է սկսվել նրա  քաղաքական վերելքը դեպի Կրեմլ։  Ի դեպ՝ դեռ Բրեժնեւի կենդանության ժամանակ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում կանգնեցվել է նրա կիսանդրին։

Back to top button