Հասարակություն

Մեկնարկել է «գրին քարտի» խաղարկությունը. ԱՄՆ հյուպատոսը մանրամասներ է ներկայացնում

karenghazaryan

Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող 2017 թ.-ի ներգաղթային վիզաների՝ «գրին քարտ»-ի վիճակախաղի խաղարկության մասնակիցների գրանցումը։ Գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ է այսօրվա հարցազրույցում ներկայացրել Հայաստանում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ֆրենկ Տուն: Գլխավոր հյուպատոսը նաեւ տեղեկացրել է, որ նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանից յուրաքանչյուր տարի մոտավորապես 2700 մարդ է ներգաղթում ԱՄՆ: Սա այն մարդկանց թիվն է, ովքեր ԱՄՆ դեսպանատուն են ներկայացել հարցազրույցի, բայց կան մարդիկ, ովքեր կարող են առանց դեսպանատուն անցնելու գնալ:

 

ԱՄՆ խաղարկային վիզայի ծրագրին՝ «գրին քարտ»- ի խաղարկությանը  մասնակցությունն անվճար է, հիշեցրեց Հայաստանում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ֆրենկ Տուն: Գրանցումը կատարվում է միայն առցանց՝ համապատասխան էջում լրացնելով հայտը: Խաղարկության արդյունքներն էլ  մայիսի 1-ից ստուգվում են նույն կայքում, որը տեղեկատվության միակ աղբյուրն է այս դեպքում:

Հաղթողներն ընտրվում են պատահական ընտրությամբ: Հաղթողների վերաբերյալ տեղեկությունը մայիսի 1-ից տեղադրվում է կայքում, սակայն լինում են դեպքեր, երբ հաղթողներից ոմանք որոշում են չարտագաղթել ու այդ դեպքում բացվում են նոր տեղեր եւ ընտրվում նոր հաղթողներ:

Այս դեպքում նրանց տվյալները ավելի ուշ կարող են հասանելի լինել, պարզաբանեց հյուպատոս Ֆրենկ Տուն: «Ընտրվելու փաստը, սակայն, ինքնին վիզա ստանալու երաշխիք չէ: Վիզա ստանալու համար դեռ պետք է դիմել դեսպանատուն՝ անցնել համապատասխան ընթացակարգ: Կա պարտադիր պահանջ՝ դիմողը պետք է ունենա միջնակարգ կրթություն կամ համապատասխան երկու տարվա աշխատանքային փորձ: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելուց, քանի որ դրանք մենք ներկայացնում ենք Հայաստանի համապատասխան մարմիններին»:

Կայքում հնարավոր է ծանոթանալ նաեւ հայերենով հրահանգներին: Խաղարկության մասնակցելու հայտի հարցերը շատ պարզ են, գրանցվելը՝ բավականին հեշտ: «Դա անգամ կարող է անել իմ 12 տարեկան կրտսեր եղբայրը»,- ասաց մեր երկրում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը՝  հորդորելով չընկնել խաբեբաների ձեռքը: «Կուզեմ տեղեկացնել նաեւ խաբեբաների մասին, որոնք հաճախ էլեկտրոնային փոստերով ծանուցումներ են ուղարկում, թե «գրին քարտ» եք ստացել ու պահանջում դրամական փոխանցումներ»:

Խաղարկության մասնակիցներից հաղթող ճանաչվողներից էլ հետագայում գումարները գանձվում են դեսպանատանը եւ ոչ թե այլ փոխանցումների միջոցով, նշեց հյուպատոսը:

Անդրադառնալով Հայաստանից ԱՄՆ ներգաղթյալների թվի վերաբերյալ հարցին՝ հյուպատոսը տեղեկացրեց, որ թիվն ընդհանուր աճում է, բայց այդ ընդհանուր թիվը մեծ չէ:  «Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ ծրագիրն իրականացվում է ամբողջ աշխարհով մեկ եւ դա միայն Հայաստանի համար չէ: Պատկերը Հայաստանում հետեւյալն է՝ 2013-ին 971, 2014-ին՝ 1260 եւ 2015-ին՝ 1679 մարդ է Հայաստանում «գրին քարտ շահելուց» հետո մասնակցել դեսպանատան հարցազրույցին՝ վիզա ստանալու համար: 2016-ի գործընթացը դեռ շարունակվում է եւ վերջնական արդյունքներ առայժմ չկան:  Խաղարկությանը դիմածների թիվը 2015-ին 56519 է եղել: Ամբողջ աշխարհում խաղարկության մասնակիցների թիվը 2015-ին կազմել է 9 մլն 400 հազար մարդ»:

Այս ծրագրով Հայաստանից ԱՄՆ ներգաղթի հնարավորություն յուրաքանչյուր տարի կարող է ունենալ առավելագույնը 3500 մարդ, սակայն, հյուպատոս Ֆրենկ Տուն շեշտեց, որ այդ թվին երբեք իրենք չեն հասել:

Պատասխանելով ծրագրի հնարավոր փակմանն առնչվող հարցին՝ հյուպատոսը նշեց, որ քաղաքական ոլորտում քննարկումներ միշտ լինում են ծրագիրի շուրջ, թե արդյո՞ք անհրաժեշտ է թիվը մեծացնել կամ նվազեցնել, սակայն դա երբեք օրենքի տեսք չի ստացել: Հյուպատոսը կարծում է, որ առաջիկայում դեռեւս ծրագիրը կշարունակվի իրականացվել:

Back to top button