ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. Ըստ ՄԽ համանախագահների էլ՝ հրադադարի խախտման պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա

lenabadeyan

Հակառակ պարբերաբար հնչող ենթադրություններին, թե ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հարցը օրակարգային է եւ շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հայտնվել նույնն կառույցում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բացառում է դեպքերի նման զարգացումը:  «Դուք ինչ որ ենթադրյալ բաների մասին եք խոսում, ԵՏՄ-ում այսօր այդպիսի հարց չի քննարկվում: Հայաստանն անդամ է եւ բոլոր անդամներն ունեն իրենց կարծիքի իրավունք եւ այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»,- այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարն այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաեւ Ղարաբաղի ճանաչման հնարավորությանն ու ժամկետներին: Հիշեցրել է, որ Հայաստանը կճանաչի Ղարաբաղը միայն այդ դեպքում, երբ բանակցություններ այլեւս չլինեն, փոխարենը՝ լինի պատերազմ:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արտգործնախարարից փրոձել է պարզել, թե ինչ է ենթադրում պատերազմ ասվածը: Հիշեցրել է, որ վերջին շրջանում խոշոր տրամաչափից Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի տարածքները, ինչից զոհվում է խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ կանայք: «Աժ-ի շե՞նքը պետք է գնդակոծեն, որ համարենք, որ պատերազմ է»,- դիմելով Էդվարդ Նալբանդյանին՝ հարցել է պատգամավորը:

Արտգործնախարարի պատասխանը ընդհանրապես սահմանային լարվածության վերաբերյալ հետեւյալն էր. «Հրադադար կա եւ ստատուս-քվո: Դրանք տարբեր բաներ են։ Հրադադարն է խախտվում, առաջին անգամ չի խախտվում, շարունակաբար է խախտվում, վերջին շրջանում խախտվում է ավելի սաստիկ ձեւով եւ եռանախագահներն արդեն ուղղորդված եւ հասցեագրված հայտարարություններ են անում, թե ով է այդ հրադադարի խախտման պատճառը եւ ասում են, որ պետք է անպայման ստեղծվի հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ, եւ հայտարարում են, որ Հայաստանը համաձայն է այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվում է: Այսինքն, դրանով ասվում է, որ ամբողջ պատասխանատվությունը այդ հրադադարի խախտման եւ միջադեպերի ընկնում է Ադրբեջանի վրա»։

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար

Back to top button