Քաղաքական

ԲՀԿ- ում նոր ապահարզաններ են սպասվում

lusinevasilyan

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քվեարկությունը  որևէ կապ չունի կուսակցության ներսում ընթացող գործընթացների և կայացված  որոշումների հետ, այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը : Նա խմբակցության նիստում այսօր կայացված որոշումները ընթացակարգային է որակել ՝ հորդորելով չքաղաքականացնել դրանք:

 

ԲՀԿ-ում կարծես  նոր ապահարզաններ են հասունանում: Քաղաքական այս ուժի ներկայացուցիչներն առայժմ չեն շտապում խոսել նոր հակասության կամ  բաժանումների մասին, բայց դրանց մասին խոսում են փաստերը:

Խմբակցության այսօրվա նիստում փոփոխություններ   են կատարվել միջազգային պատվիրակություններում  ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավորների ցանկերում:   Մասնավորապես, որոշվել է , որ այդ պատվիրակություններում խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանին ու Ստեփան Մարգարյանին պետք է փոխարինեն այլ պատգամավորներ:

Միքայել Մելքումյանն առաջարկում է շտապ եզրակացություններ չանել, բայց չի էլ ժխտում, որ ներխմբակցային խնդիր կա: Խնդիրն այն է, որ  Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը տեւական ժամանակ է,  այսպես ասենք, խզել են կապերը ԲՀԿ-ի հետ՝ խմբակցության նիստերին չեն մասնակցում, կուսակցությունից  առանձնացող գործունեություն են ծավալում:

Նրանք նաև խմբակցության այն պատգամավորներն են, ովքեր ևս մի քանիսի հետ չմասնակցեցրին Սահմանադրության փոփոխությունների հոկտեմբերի 5-ին կայացած քվեարկությանը:

Շատ ավելի բաց տեքստով խնդրի մասին խոսել էր ԲՀԿ-ական Վահան Բաբայանը: Նա, մասնավորապես, հետևյալն էր ասել. քանի որ մեր երկու հարգարժան գործընկերները վաղուց արդեն որոշել են կուսակցության եւ խմբակցության գործունեությունից դուրս ծրագրել իրենց քայլերը, խմբակցությունը նպատակահարմար  գտավ, որ միջազգային խիստ կարեւոր այդ կառույցներում ԲՀԿ-ն ներկայացնեն խմբակցության այն պատգամավորները, ում համար կուսակցության եւ խմբակցության որոշումները կարեւոր են։

Բաբայանը նաև չէր  բացառել, որ առաջիկայում կքննարկվի Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝  ԲՀԿ շարքերում մնալու նպատակահարմարության հարցը։

Back to top button