Վահան Արծրունին կներկայանա իր 30- ամյա ստեղծագործական ժառանգությամբ


Հոկտեմբերի 11-ից ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելու է երգիչ, երգահան Վահան Արծրունու բեմական գործունեության 30 և ծննդյան 50-րդ հոբելյաններին նվիրված համերգաշարը: Համերգաշարը ներառելու է հինգ բազմաբնույթ համերգային ծրագրեր, որոնք ներկայացնում են Վահան Արծրունու նախընտրած երաժշտական ժանրերն ու ուղղությունները:
Կամերային երաժշտությունից մինչև սիմֆոնիկ ժանր. կոմպոզիտորի խոսքով ՝ոչ մի համերգը չի կրկնելու նախորդող կամ հաջորդող համերգային ծրագրերը: 30 տարիների բեմական գործունեության ամփոփագրում կհնչեն նաև պրեմիերաներ:
Համերգային արշավների միակ հովանավորը, երգահանի խոսքով, եղել է ինքն ու հանդիսատեսի հոծ բանակը: Այս համերգաշարն էլ կունենար նույն ճակատագիրը, եթե չլիներ առաջին տիկնոջ հետ հանդիպումը, որն էլ դարձավ այս համերգի հովանավորը:
Հոբելյանական համերգաշարի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ ծրագրում հանրահայտ մենակատարներ են՝ Հասմիկ Բաղդասարյանը, Նելլի Մանուկյանը, Էմմանուել Հովհաննիսյանն ու Մերուժան Տեր- Մինասյանը: