Քաղաքական

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը փորձելու է տապալել սահմանադրական հանրաքվեն

karenghazaryan

«Չեք անցկացնելու» նախաձեռնության անդամներ Արշակ Մուսախանյանն ու Հրայր Մամիկոնյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ամփոփել են մինչ օրս իրենց կողմից իրականացված գործողությունների արդյունքներն ու խոսել հետագա անելիքների մասին: Նրանք ընդդեմ սահմանադրական բարեփոխումների երեկվա բողոքի երթի ժամանակ ոստիկանության գործողությունները դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ երեք հայցով դիմելու են դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված ապօրինի գործողությունների մեղավորներին:

 

«Չեք անցկացնելու» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում բոլորին՝ համարժեք արձագանքելու ոստիկանության ապօրինի գործողություններին՝ հետագայում նմանատիպ գործելաոճը կանխարգելելու նպատակով: Սրա մասին ասվում է նախաձեռնության այսօր տարածած հայտարարության մեջ, որը հրապարակեց նախաձեռնության անդամ Հրայր Մամիկոնյանը: «Նման գործողություններով ոստիկանությունը եւ, ընդհանրապես, իշխանությունները, բնականաբար, չեն կարող կոտրել այն ոգին, որը կա այսօր՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների»,- ասում է Մամիկոնյանը։

Նախաձեռնության անդամները շեշտեցին, թե շարունակելու են իրենց պայքարն ու ավելի են ուժգնացնելու այն: Հիմնական նպատակն էլ մեկն է՝ սահմանադրական փոփոխությունների տապալումը:

Արշակ Մուսախանյանն էլ տեղեկացրեց, թե իրենք տարբեր մակարդակներով եւ տարբեր ձեւաչափերով աշխատում են  «Ոչ»-ի ճակատին միացած բոլոր կառույցների հետ: Իրավական առումով իրենց աջակցություն են ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները եւ փաստաբանները, աշխատում են նաեւ միջազգային իրավապաշտպանների հետ:

Ինչ վերաբերում է  «Չեք անցկացնի» նախաձեռնության հետագա գործունեությանը, Արշակ Մուսախանյանը շեշտեց, թե Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ սահմանադրական փոփոխություններ հնարավոր է անցկացնել մի երկրում, որտեղ կա լայն քաղաքական եւ հասարակական կոնսենսուս, մինչդեռ, իրենց համոզմամբ, Հայաստանում նման կոնսենսուս չկա, հետեւաբար՝ իրենց ներուժով պայքարելու են հենց դա ապացուցելու համար:

Դա էլ, ըստ իրենց, ապացուցեցին Գյումրիում եւ Երեւանում իրենց նախաձեռնությամբ անցկացված հանրահավաքները: Չկա կոնսենսուս, ուրեմն չպետք է տեղի ունենա սահմանադրության փոփոխություն, ասաց բանախոսը:

Նախաձեռնության անդամները կարծում են, որ այսօր գոյություն ունի քաղաքական մենաշնորհ «դե ֆակտո», իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո այդ մենաշնորհը կդառնա «դե յուրե»: Նրանք դա չեն ցանկանում եւ դա էլ առաջիկայում, ինչպես ասացին, փորձելու են բացատրել կամ համոզել քաղաքացիներին՝ շրջելով մարզերով մեկ:

Նախաձեռնության անդամները կարծում են, որ իրենց հաջորդ հանրահավաքը «Ազատության» հրապարակում կլինի ավելի մարդաշատ եւ հուժկու, որի ժամանակ կներկայացնեն նաեւ ծրագիր: Ասացին նաեւ, որ եթե չկարողանան կասեցնել գործընթացը մինչեւ հանրաքվեի նշանակումը, ապա կոչ կանեն բոլոր քաղաքացիներին՝ մասնակցել հանրաքվեին եւ «Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:

Back to top button