Միջազգային

Չեչնիայում հարսանիքում արգելվել է ալկոհոլը, տորթ կտրելը եւ հարսնացուի պարը

Չեչնիայի իշխանությունները որոշել են կարգավորել հարսանեկան արարողությունները եւ կանոններում մի քանի արգելքներ են սահմանել։ Գրոզնիի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի հրապարակած կանոնների համաձայն՝ հարսանիքի ժամանակ արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչք, կրակել ցանկացած զենքով եւ տորթ կտրել, հայտնում է newsru.com- ը։

Գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում նաեւ նշված է, որ արգելված է արարողությանը «ներկայանալ հարբած, չեչենական մտածելակերպին խորթ հագուստով,   անել անպարկեշտ արտահայտություններ եւ գործողություններ»։

Նաեւ արգելքներ են սահմանված պարի ժամանակ։ Մասնավորապես՝ արգելվում է մեծահասակներից առաջ ընկնել պարի առաջին շրջանում, թույլ չտալ պարի շրջանից աղջկա դուրս գալը, շրջանում միաժամանակ երկու եւ ավելի զույգերի հայտնվելը, մեկ երաժշտության ժամանակ մի քանի պարընկերոջ հետ պարելը։ Աղջիկներին նաեւ արգելվում է պարի ժամանակ մրցել տղաների հետ, իսկ տղաներին՝ փաթաթվել պարընկերուհուն։ Արգելվել է նաեւ հարսնացուի պարը։ Արգելքները սրանցով չեն սահմանափակվում։

Ի դեպ՝ փաստաթղթի համաձայն՝ կանոններին հետեւելու պարտականությունը դրված է սեղանապետի՝ թամադայի եւ սրահի աշխատակազմի վրա, խախտումներ նկատելու դեպքում անհրաժեշտ է ոստիկանություն կանչել։

Back to top button