Յոթ մլն դոլար՝ Երեւանի 28 փողոցների լուսավորության համար


Խորհրդարանն այսօր ձայների 98 կողմ, 4 դեմ, 10 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Փոփոխությունները վերաբերում են բանկային հատուկ հաշիվների իրավական կարգավորմանը:
ԱԺ-ն նաև համաձայնություն է տվել «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային պայմանագրին: Նախատեսվում է Երեւանի 28 փողոցներում ներդնել էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Ծրագրի կապիտալ արժեքը 7 մլն դոլար է, որից 3 մլն-ը՝ դրամաշնորհ է, 4 մլն-ը՝վարկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից:
Մինչև քվեարկությունը խմբակցություններից ԲՀԿ-ն է հստակեցրել իր դիրքորոշումը. Միքայել Մելքումյանն ասել է, որ այս վարկը մայրաքաղաքին խիստ անհրաժեշտ է: «Վարկային ծրագրերին մենք սովորաբար դեմ կամ ձեռնպահ ենք լինում, բայց սա այն վարկն է, որը խիստ անհրաժեշտ է Երևանին: Մենք հստակ կողմ ենք»:
Տիգրան Ուրիխանյանը հակառակ կարծիքն է հայտնել՝ սեփական բյուջեն ունեցող Երևանին նոր վարկեր անհրաժեշտ չեն: «Հատկապես Երևանի վերաբերյալ, որն ունի բյուջե և անհամաչափ ծախսեր, վարկային ծրագիր քննարկելն ինձ համար անհասկանալի է: Ես դեմ եմ, որովհետեև Երևանը ունի շատ ավելի փող, քան անհրաժեշտություն փող վերցնելու»:
Վարկային համաձայնագիրն ընդունվել է 103 կողմ, 5 դեմ, 6 ձեռնպահ ձայներով: