Տնտեսական

Գյուղատնտեսությունը լուրջ աճ է գրանցել… եղանակի շնորհիվ

lianaeghiazaryan

Գյուղատնտեսության ոլորտն այս տարի լուրջ աճ է գրանցել, բայց դա միայն բնակլիմայական պայմանների, եւ ոչ թե ոլորտի պատասխանատուների աշխատանքի արդյունքն էր: Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր իր դժգոհություններն է ներկայացրել` կապված գյուղոլորտի տարբերի ճյուղերում ընթացիկ վիճակի հետ: Իսկ լրագրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ էլ Չորացրած մթերք արտադրողների ասոցիացիայի նախագահ Սանդրո Աբովյանը խոսել է չրարտադրության ոլորտի զարգացումների մասին: «Ընտիր չիր ունենք, բայց շատ քիչ ենք սպառում, մաքուր չրի կողքին էլ շատերը գերադասում են փայլուն, բայց ոչ առողջարար ցուկատները»,- ասել է Աբովյանը:

 

Գյուղատնտեսությունն այս տարի հաջողություն արձանագրած բացառիկ ճյուղերից էր, բայց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ընդհանուր բարենպաստ բնակլիմայական պայմանները մի կողմ թողնելով, դժգոհում է գյուղոլորտի պատասխանատուների աշխատանքից: «Այս տարի մենք ձախողեցինք լոլիկի արտադրությունը, տոմատի մածուկ արտադրող երկրից դարձել ենք ներմուծող երկիր: Եկող տարի լոլիկի մածուկի արտադրությունը պետք է խթանել, շահութաբոր ոլորտ է»,- ասում է Բերբերյանը։ Վարունգի սորտի ընտրության հարցում այս տարի գյուղացին ճիշտ չկողմնորոշվեց, աճեցրել էին մեծ քանակությամբ կորնիշոն վարունգ, որը 60-70%- ով մնաց չիրացված:

Բերբերյանն իր դժգոհությունները թվարկում է ոլորտ առ ոլորտ: Այդքան ճոխ ներկայացվող հակակարկտային համակարգերը ոչ մի բանի պետք չեն, այսօր գյուղացուց մոտ 100 դրամով են կաթ մթերում, ինչը խայտառակություն է: Այս տարի խաղողի բերքը անցյալ տարվանից 10-15 տոկոսով ավելի է, բայց հիմա էլ մթերման խնդիր կա: Խաղողի մթերման մեխանիզմը պետք է փոխել` այն ընդունել ոչ միայն ըստ քաշի, այլ շաքարայնության:

ԵՏՄ անդամակցությամբ այս տարի էլ նոր դռներ չբացվեցին, ռուսական շուկան դեռ չի կարողանում մեր արտադրանքը գնել, բայց եկող մեկ-երկու տարում հավանաբար վիճակը կկայունանա, հույս է հայտնում Հրաչ Բերբերյանն ու բոլոր խնդիրներով հանդերձ շեշտում` բերքի որակի հարցում գոնե խնդիրներ չունենք:

Գյուղոլորտի ճյուղերից մեկով Հայաստանն ավելի մրցունակ է դառնում, Հայաստանի Չորացրած մթերք արտադրողների ասոցիացիայի նախագահ Սանդրո Աբովյանը չրարտադրությունն է մատնանշում: Ծիրանի, դեղձի ու սալորի չրերն ավանդաբար ապահովում են այս ոլորտի այսպես ասենք «քաղցրությունը», բայց նորամուծություններ էլ կան` լոլիկի չիրն օրինակ:

Ճիշտը ոչ թե քաղցրաջրով եփված գունագեղ ցուկատներն են, այլ սովորական չրերը, Հայաստանում վերջին տարիներին երկրորդն առաջինից սկսել են գերադասել, իհարկե, սեղանների ձեւավորման համար, միեւնույն է, նախապատվությունը ցուկատին տալով, նկատում է Չորացրած մթերք արտադրողների ասոցիացիայի նախագահը: Բայց որքան չիրը փայլուն, այնքան ավելի վատ, շեշտում է մասնագետը, դա խոսում է ծծմբի մեծ քանակության մասին։

Բայց հրաշալի չիր ունենալով հանդերձ` մենք շատ քիչ չիր սպառող ենք` մեկ շնչին մեկ կիլոգրամից քիչ է բաժին հասնում: Խաղողի առատ բերքով հանդերձ` չամիչ գրեթե չենք արտադրում, իսկ արտադրության ծավալների աճով անգամ որեւէ կերպ մրցունակ չենք հարեւան երկրների հետ:

Back to top button