Բա՞րձր, թե՞ ցածր գնաճ. ԱԺ- ում փորձում են պարզել՝ սրանցից որը տնտեսությունը կզարգացնի


Խորհրդարանն այսօր ավարտել է ԿԲ 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկումն ու անցել գլխավոր դրամատան այս տարվա գործունեության ծրագրի քննարկմանը: Երկու փաստաթղթերի առանցքում էլ նույն հարցն է՝ գնաճի միջավայրն ու գնաճային կանխատեսումները:
Տարածաշրջանի երկրների համեմատությամբ՝ մեր գնաճը կառավարելի է և ցածր՝ խորհրդարանում հայտարարել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նրա խոսքով՝ 2014 թ. 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները` դեկտեմբերի վերջին կազմելով 4.6%, բայց չի գերազանցել տատանման թույլատրելի՝ 4 +1.5 միջակայքը:
Ինչո՞ւ Հայաստանի կենտրոնական բանկը ՌԴ-ին չի սովորեցնում, թե ինչպես իջեցնել գնաճը, օրինակ 16%-ը դարձնել 3.5% . Ներսղես Երիցյանին հարցրել է Հրանտ Բագրատյանը: Նա համոզված է, որ ԿԲ-ն ձեւականորեն փորձում է ինֆլյացիայի նպատակային ցուցանիշներ արձանագրել և գնաճը կարգավորել հիմնականում դրամական զանգվածի հաշվին:
«Մեզ ֆռացնել պետք չի: Ո°րն է ավելի լավ՝ փոքր-ինչ ավելի բարձր գնաճ ունենալ ու ավելի մեծ տնտեսական զարգացում ապահովել, թե՞ ցածր գնաճ և ոչ մի տնտեսական աճ: Մենք չենք զարգանում»,- ասել է նախկին վարչապետը։
Ի պատասխան այս քննադատության՝ Ներսես Երիցյանը նախ տարակուսել է, թե ԿԲ-ն փաստորեն քննադատության է արժանանում ցածր գնաճ ապահովելու համար, ապա հավելել՝ այո, գլխավոր դրամատանը համոզված են, որ միայն ցածր գնաճ ապահովելով է հնարավոր զարգացնել տնտեսությունը: