Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները՝ ԳԱԱ-ում


Գիտությունների ազգային ակադեմիան մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած շուրջ 150 գիտնականների՝ քննարկելու քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները: Միջազգային 4- րդ գիտաժողովի նպատակն է ընդհանրացնել վերջին տարիներին ստացված արդյունքները: «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» 4-րդ միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին բաժանմունքի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության և գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
150 գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել են Հայաստանում՝ քիմիական ֆիզիկայի առաջնային ուղղություններում վերջին մի քանի տարիներին ստացված կարևորագույն արդյունքներն ի մի բերելու և քննարկելու քիմիական ֆիզիկայի զարգացման հեռանկարները, քիմիական ռեակցիաների նպատակային ղեկավարման և նոր նյութերի ստացման հիմնարար ու կիրառական հիմնահարցերը: Թվով 4-րդ միջազգային գիտաժողովում օտարերկրացի գիտնականների կողմից ներկայացվող զեկույցները ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանի գնահատմամբ ժամանակակից է և այս հանդիպումը մեր գիտնականներին լավագույն հնարավորությունն է ընձեռում իրենց գիտելիքների շտեմարանը համալրել աշխարհում կիրառվող նորամուծություններով:
Քիմիական ֆիզիկայի ոլորտում նորագույն մեթոդների զեկույցներով ոչ միայն օտարերկրացի հյուրերը ներկայացան, այլև մեր գիտնականներն իրենց աշխատանքները ներկայացրին գործընկերներին: ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Պետրոս Ղուկասյանի գիտական աշխատանքը ոչ ստացիոնար բաղադրության օքսիդների մեծ ակտիվության մասին է, որը նրա խոսքով՝ պրակտիկ գործունեության պարագայում մեծ արդյունքներ կտա:
Հայաստանում ժամանակին գործել են քիմիական մեծ գործարաններ: Սակայն տարիների ընթացում դրանք ոչնչացվեցին: 2010 թվականին էլ կասեցվեց ամենախոշոր գործարաններից Նաիրիտի շահագործումը: Այս դեպքում հարց է առաջանում՝ նման գիտաժողովներից քաղած գիտելիքները, որտե՞ղ պետք է կիրառեն մեր մասնագետները: Գիտաշխատողը լավատեսորեն պատասխանեց, որ նման գիտաժողովները կարող են խթանել խոշոր ձեռնարկությունների վերաբացմանը:
«Մենք չենք կարող աչքներս փակել և ասել չունենք և վերջ, դա հնարավոր չէ: Այս գիտաժողովները պետք է լինեն, որպեսզի մենք արթնանանք և նորից ոտքի կանգնենք ու ավելի լավը ստեղծենք»: