Տնտեսական

Վարդան Բոստանջյանը խիստ արդարացված է համարում ՀԷՑ-ի կառավարումը «Տաշիր գրուպ» -ին հանձնելը

lianaeghiazaryan
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում ընթացիկ աուդիտի առաջին փուլի արդյունքներն ընդհանրապես գոհացուցիչ չեն, փոխարենը արդարացված է ՀԷՑ-ի կառավարումը «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբին հանձնելը: Այսօր նման կարծիք է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետը մի հարցում խորհուրդ է տալիս ըմբռնումով մոտենալ, խոսքը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար հոսանքի գնի սուբսիդավորման մասին է: Ավելի բարձր շեմն այս պահին նոր սեփականատիրոջ համար ավելի ծանր բեռ է նշանակում, բացատրել է Բոստանջյանը:

 

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում ընթացիկ աուդիտի առաջին փուլի արդյունքներն ընդհանրապես գոհացուցիչ չեն, հայտարարում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: ՀԷՑ-ում տիրող վիճակի մասին մշտապես իր մտահոգություններով կիսվող Բոստանջյանը հույս չունի, թե աուդիտն իրավիճակի առարկայական փոփոխություն կբերի այդ համակարգում: ՀԷՑ-ն իր աուդիտը միշտ էլ կատարել է, նկատում է Վարդան Բոստանջյանը, այս աուդիտը փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիներին ժամանակավորապես հանդարտեցնելու միջոց էր, եւ սա զավեշտալի է. ասում է: Տնտեսագետը մնում է իր համոզմանը` իրականում բաշխիչ ցանցերի շռայլ ու անարդյունավետ ծախսերն ամբողջությամբ քողարկվում են էլեկտրաէներգիայի կորուստների թվի տակ:

«Հենց այդպես է եղել: Ինչ անուն ուզում եք տվեք` սուբյեկտիվ մոտեցումներով պայմանավորված ֆինանսական չբացահայտված հոսքերը, որոնք հաշվետվություններում չեն արտացոլվել, եղել են, եւ այս ամենն է բերել այսօրվա վիճակին»:

Այնուամենայնիվ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը խիստ արդարացված է համարում ՀԷՑ-ի կառավարումը «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբին հանձնելը: Հիշեցնեմ` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՈ» ընկերությունն ավարտել են Հայաստանում էներգոակտիվների առք ու վաճառքի գործընթացը: «Տաշիրը» ձեռք է բերում  «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կառավարությունն արդեն հաստատել է գործարքը, այն կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումից հետո: Վարդան Բոստանջյանը նկատում է` նոր սեփականատերը նաեւ ռուսական միջավայրում հաջողված աշխատանքային փորձ փորձ ունի, ինչը հեշտ չի տրվում:

«Եթե մարդը ճիշտ է, ճիշտ է բոլոր տեղերում: Պետք է հուսանք, որ այդ ճշտի արդյունքում կունենանք առավել արդյունավետ համակարգ»:

Կառավարության վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ «Տաշիր» խմբի նախագահը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016-ի օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները հոսանքի դիմաց պետք է վճարեն թանկ գնով: Կառավարությունը հաշվարկել է, որ Հայաստանի բնակչության շուրջ 79 տոկոսն ամսական միջին հաշվով 250 կիլովատ էլեկտրաէներգիա է սպառում: Բայց ձմռան ամիսներին հոսանքով ջեռուցման ծախսն արդյոք 10 հազար դրամի շրջանակում կտեղավորվի, փոքր չէ արդյոք սահմանված շեմը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը:

«Ուզում եմ ըմբռնումով մոտենանք այս հարցին: Հիմա կուրծք թափահարել, թե ուր են այդ փողեր, օգուտ չի բերի: Դե կորել են այդ փողերը, կերել են այդ փողերը: Այդ շեմի ամեն, անգամ փոքր-իսկ բարձրացում նշանակում է այդ չափով բեռի ծանրացում նոր սեփականատիրոջ վրա»:

Back to top button