Հոկտեմբերի 5-ին Կոմիտասը Գևորգյան ճեմարանում նշանակվել է երաժշտության ուսուցիչ


Էջմիածին քաղաքի հրապարակն արդեն 46 տարի կրում է Կոմիտասի անունը: Կոմիտասի անուն է կրում նաև մշակույթի պալատը: Էջմիածինցիները երախտագիտությամբ են հիշում վարդապետի ունեցած դերը երգարվեստում և հոգևոր կյանքում:
1893 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 5-ին, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շրջանավարտ Սողոմոն Սողոմոնյանը՝ Կոմիտասը, Խրիմյան հայրիկի կոնդակով ճեմարանում նշանակվել է երաժշտության ուսուցիչ: Մեկ տարի անց՝ 1894 թվականին սեպտեմբերին ձեռնադրվել աբեղա՝ Կոմիտաս անվամբ, իսկ 1895 թվականի սեպտեմբերին՝ վարդապետ: Կոմիտաս վարդապետի կյանքի մի շրջանը կապված է եղել Էջմիածնի հետ: Էջմիածինը որբի կյանքում շրջադարձային եղավ:Գևորգյան ճեմարանում ուսանելիս բացահայտվել են Սողոմոն Սողոմոնյանի երաժշտական ընդունակությունները: Շրջելով մոտակա գյուղերով, նա լսել է ժողովրդի երգած երգերն ու նոտագրել, որի համար էլ ստացել էր «Նոտայի վարպետ» անունը: Երգարվեստում և հոգևոր կյանքում Կոմիտասի անուրանալի դերը գնահատվեց ժողովրդի կողմից: Էջմիածին քաղաքի հրապարակն արդեն 46 տարի կրում է Կոմիտասի անունը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշում է, որ Խորհրդային տարիներին միակ քաղաքն է եղել, որտեղ հրապարակում Լենին արձանի փոխարեն Կոմիտասի արձանն էր տեղադրված: Այն կառուցվել է տեղի իշխանության և ժողովրդի համատեղ ֆինանսավորմամբ:
Վարդապետի ծննդյան 100-ամյակի կա պակցությամբ , խորհրդային ռեժիմի ներքո, 1969 թվականին Էջմիածնի հրապարակում կանգնեցվեց Երվանդ Քոչարի ձուլած Կոմիտասի արձանը՝ դեմքով դեպի սուրբ Էջմիածին: Խորհրդային տարիներին քաղաքի հրապարակը Կոմիտասի անունով դարձնելը բացառիկ քայլ է եղել այդ իրականությունում: Պատմում է Էջմիածնի նախկին շրջանային կոմիտեի աշխատակից Սիրեն Եղիազարյանը, «Առաջինը Անտոն Քոչինյանի բարի կամքն էր և ժողովրդի ցանկությունը, որ քաղաքի կենտրոնում հոգևորականի հանդերձով Կոմիտասի արձանն է՝ հեղափոխության առաջնորդի արձանի փոխարեն»:
20 տարի անց 1989 թվակինին Կոմիտասի ծննդյան 120 ամյակի առթիվ սուրբ Գայանե Վանքում կատարվել է կոմիտասյան պատարագը , կենդանի երգեցողությամբ այն հնչել է նաև Կոմիտասի հրապարակում:
Սիրեն Եղիազարյանի ընտանիքը անտեսանելի թելերով է կապված Կոմիտասի հետ: ճակատագրի դիպվածով նրա հորը Ներքին Խաթունարխ, այժմյան Գայ գյուղում 1907 թվականին մկրտել է Կոմիտաս վարդապետը: Այդ ժամանակաշրջանում ընդունված է եղել երեխաներին անվանակոչել մկրտությունից հետո. «Երկու քահանաների միջև ծագած վեճը լռեցնելու նպատակով Կոմիտաս վարդապետը գալիս է մեր գյուղ՝ ներքին Խաթունարխ, այդ ժամանակ հորս տանում են մկրտության և մկրտում է Կոմիտաս վարդապետը, հորս էլ անվանակոչում նրա անունով՝ Կոմիտաս»:
Էջմիածնում Կոմիտասի անունն է կրում նաև քաղաքային մշակույթ պալատը, որտեղ երեխաների մշակութային դաստիարակության գործում գերակշռողը ազգայինն է: Էջմիածինցիները երախտագիտությամբ են նշում կոմիտասյան միջոցառումներն ու հանդես գալիս նվիրատվությամբ: Երևանի Կոմիտասի նորաստեղծ թանգարանին էջմիածինցի ստեղծագործողները նվիրել են տասը աշխատանք՝ 9 գեղանկար և մեկ քանդակ: