Թուրք- քրդական բախումներից տուժել են Տիգրանակերտի պարիսպները


Թուրքիայի Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքի Սուր կոչվող վարչական շրջանում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների ժամանակ զոհերից և վիրավորներից բացի մեծապես վնաս է հասցվել նաև քաղաքի պատմական հուշարձաններին, հայտնում է Ermenihaber- ը։
Թուրքական «evrensel.net» լրատվակայքի համաձայն՝ փոխհրաձգությունների և գնդակոծությունների հետևանքով որոշ հատվածներում վնասվել են Դիարբեքիրի հնագույն պարիսպները (պատմական հայկական Տիգրանակերտի պարիսպները), տուժել են նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս և հայկական կաթոլիկ եկեղեցիները:
Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության բաժնի ղեկավար Նևին Սոյուքայան հիշեցրել է, որ 2015թ. հուլիսի 4-ին անտիկ Դիարբեքիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Սոյուքայան նշել է, որ այս առումով իրենք հատկապես կարևոր պատասխանատվություն են կրում՝ Դիարբեքիրում գտնվող պատմական հուշարձանների պահպանության համար և ընդգծել, որ Թուրքիայի ղեկավարությանը, որը պետության անունից խոստացել է պահպանել համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող այդ հուշարձանները, Դիարբեքիրի տարածքում որոշակի գործողություններ ձեռնարկելիս պետք է նկատի ունենա նաև այդ հանգամանքը: