Հասարակություն

Բախշյան. Կրկնուսույցների հարկումը անհեթեթություն է

arminegevorgyan

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն այսօր՝ Ուսուցչի օրվա առթիվ, շնորհավորում է բոլոր այն ուսուցիչներին, ովքեր պատվախնդիր քաղաքացի են և իրենց օրինակով կրթում են նաև աշակերտներին: Բախշյանը  մանկավարժների համար ամենամեծ խնդիրն այսօր  համարում է  ցածր վարձատրությունը, իսկ կառավարության՝ կրկնուսույցներին հարկելու որոշումն էլ աբսուրդ է որակում։

 

«Այն, որ ամռանը հանկարծ տեսնում ես, որ հաց չունես և ձմեռային բաճկոնների գրպանից սկսում ես կոպեկներ ման գալ, հիմա դա է։ Մեր կառավարությունն ընկել է քունջուպուճախ և մտածում է, թե ինչպես բյուջեն լցնի: Կրկնուսույցների հարկումը տգեղ նախադեպ կդառնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։  Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի այն եզրահանգմանը,որ կրկուսույցները պետք է բերել հարկային դաշտ՝ նույն հարթակում դնելով կոշկակարներին ու դերձակների հետ, նա անհեթեթություն է համարում։

Անահիտ Բախշյանն ասում է,որ  կառավարությանը չի հաջողվելու դա, քանի որ  նման քայլեր ձեռնարկել են դեռևս խորհրդային ժամանակներում։ Բախշյանը չնայած կողմնակից է, որ այն  ամենից, ինչից մարդը եկամուտ է ստանում պետք է հարկվի,  որպեսզի պետությունը զարգանա, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ պետք  է  պարզապես ուսուցչին արժանավայել աշխատավարձ վճարել։

Զրուցեցինք մի քանի կրկնուսույցների հետ, ովքեր նշում էին, որ կառավարությունը եթե նման որոշում կայացնի, ապա այն լավ բանի չի հանգեցնի, նախ առաջին հերթին կբարձրացվեն պարապմունքի գները:

Իսկ ահա սահմանամերձ համայնքներում ուսուցիչների վճարման խնդիրը բոլորովին այլ հարթություն վրա  է գտնվում: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն ասում է, որ սահմանամերձ գյուղերում, որտեղ աշակերտների թիվը շատ քիչ է, կոմպլեկտավորված դասարաններում ուսուցիչներն անարդար կերպով ստանում են շատ քիչ աշխատավարձ: Օրինակ, աշակերտների թվի պակասի պատճառով ձևավորվում են երկկոլմպլեկտ և եռակոմպլեկտ դասարաններ` ըստ այդմ էլ` ուսուցիչների վճարումը կրճատվում է:

«Ստացվում է` ուսուցիչը պարապում է մեկ դասաժամ՝ 45 րոպե, բայց երկկոմպլեկտի դեպքում վճարվում է 50 տոկոսով, իսկ եռակոմպլեկտի դեպքում՝ 25 տոկոսով»,- բացատրում է Բախշյանը։

Նա նշում է, որ դեռևս 2009 թ-ին այս  հարցով դիմել է  նախարարությանը, և պաշտոնական պատասխան ստացել, որ դա ամրագրված է օրենքով: Օրենքով ամրագրաված է նաև,որ ուսուցիչները 8 աշխատանքային ժամ պետք է մնան դպրոցում,այսիքն՝ մինչև ժամը 15.00: Հաճախ ուսուցիչները բողոքում են, որ անիմաստ ժամանակի կորստ են ունենում, երբ այդ նույն ժամանակահատվածում տանը կարող էին ավելի կարևոր գործով զբաղվել:

Բախշյանն այս երևույթը նույնպես բացասական է գնահատում: «Տնօրեններ կան, որ չեն թողնում խոսել. իրար կողքի չնստեք, իրար հետ չխոսեք, նախաճաշ չանեք, սուրճ չխմեք: Այս տեսակ տնօրենները հակացուցված են դպրոցին: Ուսուցիչները թող բարձրաձայնեն այս մասին և դիմեն, թող համարձակ լինեն»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը։

Back to top button