Հայտնի են երևանյան առաջին կիսամարաթոնի հաղթողները (լուսանկարներ)


Արդեն հայտնի են երևանյան առաջին կիսամարաթոնի հաղթողները: Միջազգային մրցավազքի հաղթողների շարքերում են Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները: 5կմ տարածության աղջիկների հաղթողը վանաձորցի Լիլիթ Սուրաջյանն է, իսկ տղաների առաջատարը գյումրեցի Երվանդ Մկրտչյանը:10,5 կմ փոխանցավազքում լավագույններն են Լիլիթ Հարությունը և Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը և Վահե Իվանյանը:
Կիսամարաթոնի ամենաերկար՝ 21 կմ տարածության վազքում տղաների հաղթող են ռուսաստանցի Սերգեյ Լուկինը, Ռումինիայից Քրիստիան Ստոյանը և Իրանից Արաբո Հազարյանը: Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջինը եզրագծին են հասել Ռուսաստանից Իրինա Սերգեևան, Ուկրաինայից Կատյա Կարմանենկոն և Ռումինիայից Անդրեա Պրիշկուն:
Կիսամարաթոնի մրցանակային ֆոնդը 6 մլն դրամ է. այն կբաշխվի հաղթողների միջև:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում առաջին անգամ անցկացվել է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կողմից կազմակերպված միակ միջազգային վազքարշավն է:
Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էր ֆուտբոլային լեգենդ հայազգի Յուրի Ջորկաեֆը, ով մասնակցեց 2,5 կիլոմետր երկարությամբ վազքարշավին: Ջորկաեֆին վազքարշավին մասնակցելու էր հրավիրել Ռոբերտ Էմմիյանը:
Միջոցառումը մեկնարկել է Հանրապետության հրապարակից և ներառել է 4 վազքարշավ` կիսամարաթոն, փոխանցումավազք, 5 կմ վազք և 12-15 տարեկան դպրոցականների համար՝ 2,5 կմ վազք: