Հասարակություն

Թմրամիջոց օգտագործող հաշվառված անձնանց թիվը նվազել է

hasmikdilanyan

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվաքների, այլ նաև քաղաքական ու միջազգային հարաբերությունենրի վրա:

Օրերս կառավարությունը հաստատեց  Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Եվ այսպես ամեն տարի գործադիրը հաստատում է հաջորդ տարվա միջոցառումների ծրագիրը:

Զրուցակիցս Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Սուրեն Նազինյանն է: Նրա դիտարկմամբ, ի տարբերություն 2013թ-ի, 2014թ-ին թմրամիջոց օգտագործող հաշվառված անձնանց թիվը նվազել է:   Տարբերությունը կազմում է շուրջ հարյուր մարդ: Վերջին տարիներին նարկոլոգիական հաշվառման մեջ գտնվող անձանց թվի աճը պայմանավորված է Սուրեն Նազինյանը  երեք հիմնական պատճառով՝ իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանք կամ օպերատիվ աշխատանքի արդյունքում մարդիկ, ովքեր բերվում են նարկոլոգիական փորձաքննության և հաշվառվում են որպես թմրամիջոց  գործածողներ, երկրորդը՝ բուժման բարելավումն է և դրա արդյունքում նարկոլոգիական բուժման պահանջարկի մեծացումը, և երրորդը պատճառը՝ թմրամիջոցներ գործածող անձանց թվի աճն է:

Զրուցակիցս կարծում է, որ   օրենսդրական կարևորագույն փոփոխությունը նպաստել է, որ մարդիկ ավելի ազատորեն դիմեն նարկոլոգիական հաստատություններ, առողջապահական մարմիններին հայտնեն իրենց մոտ առկա խնդիրների մասին, քանի որ դա այլևս քրեական հանցագործություն չի համարվում:

Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Սուրեն Նազինյանը հիշեցնում է՝ ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական ցանկացած տիպի բուժում անվճար է:

«Մեր հանրապետությունում ներկայումս իրականացվում է երկու տեսակի բուժում՝ դետոքսիֆիկացիոն բուժում, որն իրականացվում է դեռևս խորհրդային տարիներից, և երկրորդը փոխարինող բուժումն է: Ի տարբերություն առաջինի, փոխարինող բուժումը երկարատև բուժում է, և անգամ կարող է հիվանդին տրամադրվել մինչև կյանքի վերջ: Իսկ դետոքսիֆիկացիոն բուժման տևողությունը պետական պատվերի շրջանակներում առավելագույնը 24 օր է: Դետոքսիֆիկացիոն բուժումից հետո հիվանդները դուրս են գրվում արդեն ռեմիսիայի մեջ: Դուրս գրումից հետո իրականացվում է այդ անձանց նաև նարկոլոգիական բժշկական դիտարկումներ»:

Հայաստանում հիմնականում գործածում են երկու խմբերի թմրամիջոցներ՝ կաննաբինոիդներ և ափիոնատիպ նյութեր:

Բժիշկը խոստովանում է, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ դետոքսիֆիկացիոն բուժման արդյունավետությունը   բավականին ցածր է: Գլխավոր պատճառը մեր հանրապետությունում հետբուժական ռեաբիլիտացիայի և հոգեբանական ու սոցիալական աջակցության ծրագրերի բացակայությունն է, որի համար իրականում պետությունը այժմ որոշակի աշխատանքներ է կատարում:

Պաշտոնական՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տրամադրած տվյալներով, Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրների շուրջ 40 տոկոսի մոտ վարակի պատճառը թմրամիջոցների ներարկային եղանակով ներարկումն է: ՄԻԱՎ-ով ապրող թմրամիջոցներ գործածող անձանց մի մասը 90-ականներին արտերկրում են գտնվել, հիմնականում ՌԴ-ում, Ուկրաինայում, նաև ՝ Լեհաստանում: Ամեն դեպքում ՄԻԱՎ վարակակիները, ովքեր զուգահեռաբար նաև բուժվում էին թմրամիջոցներից կախվածությունից, հիմնականում Հայաստանից դուրս էին վարակվել: Այժմ էլ ՌԴ-ում ՄԻԱՎ-ը բավականին տարածված է:

«Սովորաբար, եթե մարդը թմրամիջոցներ ՌԴ-ում է գործածել, ինքը բուժման համար Հայաստան չի գալիս»:

Դեռահասների մոտ պատկերը բավականին բարվոք է, ի համեմատ եվրոպական երկրների, Վրաստանի , Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի: Պատճառը մեր ավանդութային մոտեցումն է, մինչ այսօր թմրամիջոցներ գործածող միայն մեկ տղա երեխա է հաշվառված՝14 տարեկան:

Թմրամիջոցներ օգտագործելիս կյանքի տևողությունը միանշանակորեն կրճատվում է, հատկապես այն թմրամիջոցները, որոնք Հայաստանում են տարածված:

Ինչո՞ւ են մարդիկ սկսում թմրամիջոցներ օգտագործել: 2014թ սկզբին պատճառների վերհանման վերաբերյալ հետազոտություն ենք իրականացրել, այն գիտական մեթոդաբանությամբ ենք անցկացրել, ՀՀ  արցման է ենթարկվել շուրջ երկու հարյուր մարդ:

«Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Հայաստանում թմրամիջոցներ գործածելու հիմնական պատճառը զուտ անձնական խնդիրներն են, ոչ թե սոցիալական, կամ շրջապատի ազդեցությամբ, ընկերական, մեկ այլ անձի նմանվելու պատճառով, այլ՝ զուտ անձնական, բացասական կամ դրական տրամադրությունների ճնշումների ստեղծում ուղղակի: Որևէ մեկը չի նշում, գիտեք, սոցիալապես վատ վիճակում էի, գնացի թմրամիջոց գործածեցի: Կամ օրինակ, շատ քիչ մարդիկ են թմրամիջոց գործածել իրենց ընկերական շրջապատի ազդեցությամբ: Մարդիկ մեզ մոտ հիմնականում թմրամիջոց են օգտագործում այն տարիքում, երբ որ արդեն իրենք գիտակից են, շրջապատի ազդեցությունը նրանց վրա այդքան մեծ չէ: Քչերի մոտ է ստացվում ընդամենը փորձելով ազատվել, քանի որ թմրամիջոցի ազդեցությունը անհամեմատելի է թե ալկոհոլի, թե ծխախոտի ազդեցութան հետ: Բնականաբար, մարդու մոտ հակում է առաջանում ևս մեկ անգամ փորձելու և ընկնում է աղետի մեջ: Ժառանգական գործոնը ևս կապ ունի, երեխան ընտանիքում հոգեբանական տրավմաների է ենթարկվում անընդհատ, քանի որ թմրամիջոց գործածողն անընդհատ ընտանիքից կտրված է, օտարացած է, նույն տառապանքը ինքը իր ընտանիքի անդամներին է պատճառում: Բնականաբար, երեխան ու հատկապես արական սեռի ներկայացուցիչը, տեսնելով իր ծնողի վարքագիծը, շատ ավելի մեծ հակվածություն կունենա հետագայում թմրամիջոցներ գործածելու, քան վնասակար սովորություններից զերծ ընտանիքի երեխան»:

Ի դեպ,  հաշվառված թմրամիջոցներ գործածողների շուրջ 80 տոկոսը 29-48 տարեկան տղամարդիկ են: Հաշվառված կանանց թվաքանակը 2014թ հունվարի մեկի դրությամբ կազմել է 67:

Back to top button