«Բանտարկված հոգիներ». ֆիլմաշար՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը


«Բանտարկված հոգիներ». այսպես է կոչվում Զորյան ինստիուտում պահպանվող իրական մարդկանց պատմությունների հիման վրա ստեղծվող վավերագրական-անիմացիոն ֆիլմաշար՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: Ամբողջ ֆիլմաշարը հեղինակները նախատեսում են ավարտել մինչև 2022 թվականը: Առաջին ֆիլմի՝ «Ավրորա»-ի պրեմիերան նախատեսվում է 2015-ի դեկտեմբերին՝ Երևանում: Ազգային պրեմիերայից հետո ֆիլմը կունենա նաև միջազգային պրեմիերա:
«Ցեղասապանության թեմային նվիրված ֆիլմ նկարելու ցանկություն չկար: Այդ առումով որոշակի բարդույթներ կային, բայց 1989 թվականին հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ առաջին անգամ գնացի ԱՄՆ ու այցելեցի Զորյան ինստիտուտ»,-պատմում է «Բանտարկված հոգիներ» ֆիլմաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը.
«Տեսա, որ այնտեղ տեսագրադարան ունեն, որտեղ պահպանվում էին հարյուրավոր ձայնագրություններ VHS ժապավենների վրա: Ես մտա այդ սենյակն ու բացեցի պահարանը: Դիտեցի ժապավենը, որտեղ մի քանի մեծահասակ մարդիկ պատմություններ էին պատմում: Ժապավենը չափազանց անորակ էր, որովհետև սիրողական մակարդակով էր արված, լույսը վատ, ձայնը վատ, բայց պատմությունները ֆանտաստիկ էին: Նկարել էին կամավորները: Ձայնագրություներն արվել էին այդ մարդկանց պատմությունները վավերացնելու և պահպանելու համար, որպես իրեղեն ապացույցներ: Դա ոչ թե կինոյի, այլ պատմության համար էր: Մարդկանց ուղղված հարցերն ունեին որոշակի ձևաչափ՝ որտեղի՞ց եք, քանի՞ մարդ կար ձեր գյուղում, ինչպիսի՞ հագուստ էին կրում կանայք և այլն»:
Զորյան ինստիտուտում այդ ձայնագրություններն արվել են 70-90-ական թվականներին: Ցեղասպանության տարիներին այդ մարդիկ երեխաներ են եղել: Երբ պատմում էին 75-80 տարեկան էին: Դա այն տարիքն է, երբ մարդը կրկին իր մանկությանն է վերադառնում և մանկության հիշողություններն ավելի վառ են դառնում:
«Տպավորությունն այնպիսին էր, որ այդ տարեց մարդիկ իրենց պատմությունների նույն փոքրիկ հերոսներն են: Այդ ժապավենները շատ հետաքրքիր էին, բայց դրանք օգտագործելն այդ ժամանակ անհնար էր: Բացի այդ արցախյան պատերազմն էր սկսվել ու ես մտածում էի, որ ավելի լուրջ խնդիր ունենք լուծելու»,-պատմում է Վարդան Հովհաննիսյանը:
1991 թվականին նա կրկին այցելեց Զորյան ինստիտուտ: Կրկին՝ նոր ու հետաքրքիր տպավորություններ: Նույնը տեղի ունեցավ 93 թվականին ԱՄՆ այցի ընթացքում: Մի քանի տարի առաջ Զորյան ինստիտուտ կատարած հերթական այցի ընթացքում Վարդան Հովհաննիսյանը տնօրեն Գուրգեն Սարգսյանին հարցնում է ժապավենների մասին ու պարզում, որ դրանք ձայնագրվել ու պահպանվում են առանձին պահարանում:
«Երբ բացեցի այդ պահարանը, տարօրինակ զգացողություն ունեցա. հազարավոր մարդկանց պատություններ տարիներ շարունակ փակված են այդ պահարանում, ինչպես բանտարկված հոգիներ: Մարդիկ իրենց ցավն են պատմել, բայց ցավը փակված է մնացել այդ պահարանում: Վերապրողների պատմություններն ինստիտուտում օգտագործվել են գիտական, փաստաբանական նպատակներով, բայց աշխարհն այդ պատմություններին անհաղորդ է»:
Ըստ ռեժիսորի հենց այսպես է ծնվել «Բանտարկված հոգիներ» ֆիլմաշարի գաղափարը: Առաջին ֆիլմը՝ «Ավրորան» նվիրված է Ավրորա Մարդիգանյանին, ում վերաբերյալ նյութեր կան և՛ Զորյան ինստիտուտում, և՛ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում: Ֆիլմի հիմքում 84 –ամյա Ավրորայի 4 ժամանոց հարցազրույցն է: «Բոլոր նյութերը խորապես ուսումնասիրել ենք»,-ասում է ֆիլմի համահեղինակ Իննա Սահակյանը.
«Վերապրածների պատմությունները բազմաթիվ են՝ ինքնազոհության, պայքարի, մաքառման պատմություններ: Մենք փորձել ենք վերցնել ամենահետաքրքիրը: Ինչպես են մարդիկ ամենաանմարդկային պայմաններում գերմարդկային որակներ դրսևորել: Առանձնացրել ենք դեպի բարին, լույսը տանող պատմությունները»:
Ֆիլմաշարի սկզբունքներից մեկն է՝ պատմություններն ավարտել այսօրվա Թուրքիայի բնապատկերներով, որոնց հաճախ անդրադառնում են վերապրողները: Դրանք այն ճանապարհներն են, որոնցով անցել են հերոսները: Ֆիլմերում վերացականից տեղափոխվում ես արդի Թուրքիա, որտեղ կան ծառերը, կիսափուլ եկեղեցիները, բայց չկան մարդիկ…
Ամբողջ ֆիլմաշարը հեղինակները նախատեսում են ավարտել մինչև 2022 թվականը: Առաջին ֆիլմի՝ «Ավրորա»-ի պրեմիերան նախատեսվում է 2015-ի դեկտեմբերին՝ Երևանում: Ազգային պրեմիերայից հետո ֆիլմը կունենա նաև միջազգային պրեմիերա: