Արամ Ա կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին


Արամ Ա կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Մեքքայում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որի հետևանքով բազմաթիվ իրանցի ուխտագնացներ զոհվեցին:
Այդ մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
«Հարգելի պարոն Ռոհանի,
Խորը ցավով տեղեկացանք, որ «Հաջջ»-ի ուխատագնացության ժամանակ զոհվել են բազմաթիվ ուխտավորներ: Նրանց շարքերում են եղել մեծ թվով ԻԻՀ քաղաքացիներ: Այս տխուր առիթով Ձեզ, Ձեր կառավարությանը եւ ժողովրդին մեր ցավակցությունն ենք հայտնում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եւ մեր եկեղեցու զավակների անունից:
Եղբայրական սիրով,
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»,- ասված է հեռագրում:
Հիշեցնենք, որ ըստ իրանական լրատվամիջոցների՝ Մեքքայից երկու մղոն հեռավորության վրա գտնվող Մինա շրջանում մարդկանց հրմշտոցի հետևանքով ավելի քան 4000 ուխտագնաց է զոհվել:
Ուխտագնացությանը մասնակցել է 64 հազար իրանցի, որից 464-ը զոհվել են: