Հասարակություն

«Նորաշեն 2007». բնակիչների վերջին հույսը

karenghazaryan
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց խնդիրն են ներկայացրել Բաբաջանյան 25/1 հասցեում բնակարան ստանալու հույս փայփայած բնակիչները: Նրանք 2008-ին պայմանագրեր են կնքել «Նորաշեն 2007» կոոպերատիվի հետ՝ հիշյալ հասցեում բնակարան ստանալու նպատակով կատարելով համապատասխան վճարումներ, սակայն, արդյունքում դարձել են խաբեության զոհեր: Շենքը չի կառուցվել, դատական երկար ու ձիգ գործընթացներից հետո «Նորաշեն 2007»-ի երկու ղեկավարները դատապարտվել են ազատազրկման, կոոպերատիվը սնանկ է ճանաչվել, իսկ բնակիչներին վերաբերող որեւէ որոշում դատարանը չի կայացրել, ինչպես իրենք են ասում, թողնելով բախտի քմահաճույքին:

 

Բաբաջանյան 25/1 հասցեում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար վճարած բնակիչները 18-ն են: Նրանցից մեկը՝ Ռուզաննա Վարդանյանն ասաց, որ իրենք պայմանագրեր են կնքել «Նորաշեն 2007»-ի հետ 2008 թվականին: Ընդհանուր վճարը կազմել է 155 մլն դրամ:  Գցվել է միայն շենքի հիմքը: «Նորաշեն 2007»-ը, հայտնվելով ինչ-ինչ խնդիրների մեջ, Բաբաջանյան 25/1 հասցեի տարածքը վաճառել է «Էսկո» կոնցեռնին: Վերջինս համաձայնել է շենքը կառուցել եւ ինքնարժեքով տալ նաեւ 18 բնակիչների բնակարանները: Բնակիչներն ասում են, սակայն, որ «Էսկո» կոնցեռնը նույնպես իրենց նման խաբեության զոհ է դարձել:

Սակայն, կազմակերպությունը շենքը կառուցելու միջոցներ չունի: Ռուզաննայի փոխանցմամբ՝ «Էսկո» կազմակերպությունը պատրաստ է համարժեք գրավի դիմաց վարկ վերցնել եւ կառուցել շենքը, բայց վարկ տվող չկա՝ ռիսկերը շատ են համարվում: Բնակիչները դիմում են կառավարությանը՝ այս հարցում աջակցելու խնդրանքով:

Փաստաբան Ռուբեն Սարգսյանի խոսքորով՝ ըստ էության այսօրվա դրությամբ նոր սեփականատիրոջ եւ բնակիչների միջեւ կոնֆլիկտ չկա, սակայն, կա որոշակի աջակցության խնդիր:

Փաստաբան Ռուբեն Սարգսյանը նաեւ բավականին մանրամասն ներկայացրեց խճճված իրադարձությունների նախապատմությունը՝ կապված «Նորաշեն 2007»-ի գործունեության հետ: «Նորաշեն 2007»-ը միաժամանակ շինարարություն է սկսել երեք հասցեներում՝ Գեւորգ Չաուշի 14/3 եւ 37, ապա նաեւ՝ Բաբաջանյան 25/1 հասցեում: «Նորաշեն 2007»-ի հետ կապված աղմկահարույց պատմությունները սկիզբ են առել դեռ Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում: Պարզվել էր, որ հիշյալ կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանն ու Լուսաբեկ Սամվելյանը Չաուշի 14/3 շենքում բնակարանների վաճառքի պայմանագրեր էին կնքել որոշ դեպքերում մեկ բնակարանի համար մի քանի բնակչի հետ, բացի այդ՝ կոոպերատիվի ղեկավարները, առանց կոոպերատիվի անդամների համաձայնության, բնակարանները գրավադրել էին տարբեր ֆինանսական կազմակերպությունների ու անհատների մոտ:

Բնակիչները սպասում էին, որ այս բավականին բարդ թնջուկը լիովին կբացահայտվի դատարանում եւ իրենք կկարողանան ստանալ կամ իրենց բնակարանները կամ տված գումարները: Դատավարությունն ավարտվել է վերջերս, կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանն ու Լուսաբեկ Սամվելյանը դատապարտվել են 6  եւ 5 տարվա ազատազրկման, սակայն, բնակիչների մեծ մասի խնդիրներն այդպես էլ մնացել են օդում առկախ:

Back to top button