ՄԻԵԴ- ում Հայաստանի դեմ վճիռների փոխհատուցման գումարը մոտենում է 1 մլն եվրոյին


Օրերս գործարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը: Այստեղ մանրամասն տվյալներ կան ոչ միայն Հայաստանից Եվրադատարան ուղղված գանգատների, դրանց ընթացքի, այլ նաև տեղեկություններ կոնկրետ գործերի ու վճիռների մասին: Պատասխանատուներն ասում են, որ կայքի գործարկումը նորարաություն է և փորձնական քայլ ԵԽ-ի համար: Նպատակ կա այս փորձը կիրառել կառույցի անդամ մյուս պետություններում նույնպես:
2002-ից առայսօր Եվրադատարանը Հայաստանի քաղաքացիներից 2000-ից ավելի գանգատ է ստացել , դրանցից վճիռ է դարձել 56-ը: Նախորդ 13 տարիների ընթացքում ամենաշատ թվով դիմումներ Ստրասբուրգ գնացել են 2007 թ-ին՝ 614 գանգատ: Դիմումների քանակով հաջորդը 2012 թվականն է, այս տարվա ընթացքում Հայաստանից ՄԻԵԴ է գնացել 238 գանգատ: Ինչ վերաբերում է 2015-ին , առայժմ քննության հանձնված գործերի թիվը 40 է: Դրանցից 6-ով, սակայն. արդեն վճիռներ կան:
Այս բոլոր տվյալները, և ավելին, կարելի է գտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջում: Այն օրերս գործարկվեց Եվրախորհրդի կողմից իրականցվող ծրարգրերից մեկի շրջանակում:
Շնորհանդեսին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, խիստ կարևորում էր ոչ միայն կայքի գործարկումը, այլ նաև այն, որ նման կայքէջ ստեղծլու փորձն առաջինն է ԵԽ անդամ պետություններում: « Սա հանդիսանալու է ԵԽ-ի համար պիլոտային ծրագիր, որպեսզի ԵԽ-ն կարողանա այս փորձը տարածել անդամ մյուս պետություններում»:
Կայքում ամփոփված տվյալներ կան Հայաստանին վերաբերող գործերի վերաբերյալ: Հնարավոր է տեսնել ոչ միայն Եվրադատարան ուղղված գանգատների, դրանց քննության ընթացքի մասին վիճակագրությունը, այլ նաև ծանոթանալ կոնկրետ վճիռներին: «Այս կայքի իմաստն այն է, որ մենք հանրությանն ավելի կենտրոնացված ու կոնկրետացված հնարավորություն տանք ծանոթանալու ԵԽ վճիռներին, ոչ միայն Հայաստանին վերաբերող, այլ՝ ընդհանրապես: Այս տեղեկատվությունը մշտապես տեսանելի ու հասանելի է լինելու»:
Կայքից տեղեկանում ենք, որ մինչ այժմ Հայաստանի դեմ կայացված 56 վճիռներով ամենամեծ թվով խախտումները՝ 22 և 21 , գրանցվել են Կոնվենցիայի համապատասխանաբար 6-րդ և 5-րդ հոդվածներով: Առաջինը անձի ազատությանն ու անձեռնմխելիությանը, երկրորդը՝ արդար դատաքննությանը վերաբերող հոդվածներն են: Այսինքն, ըստ ՄԻԵԴ-ի որոշումների, Հայաստանում իրավուքների պաշտպանության առումով ամենախնդրահարույցը այս ոլորտներն են:
Խնդրահարույց շարունակում է մնալ նաև կայացված վճիռներով սահմանված փոխհատուցման գումարների հարցը: Հայաստանի դեմ կայացված յուրաքանչյուր վճռից հետո նորից քննարկման առիթ է դառնում հարցը, թե որքանով է արդարացի, որ հայաստանյան դատական համակրգի սխալների, կոնկրետ դատավորի կայացրած վճիռների պատճառով սահմանված փոխհատուցումներ տրվի պետական բյուջեի միջոցներից:
Այս բանավեճն առայժմ վերջնական պատասխան չունի, բայց այդ պատասխանը գտնելու հստակ շարժառիթ ունի. Հայաստանի դեմ մինչ այժմ կայացված վճիռներով սահմանված փոխհատուցման ընդհանուր գումարը մոտենում է 1 մլն եվրոյի սահմանագծին. այս պահին այն 805 հազար 984 եվրո է: