ԿարևորՔաղաքական

Դեսպան Քիսլեր. Գերմանիան հավատում է ՄԽ համանախագահներին

lenabadeyan

Ուղիղ 25 տարի առաջ տեղի ունեցավ մի գործընթաց, որը հետագայում ազդեց միասնական Եվրոպա ստեղծելու վրա: Խոսքը Գերմանիայի վերամիավորման մասին է, որից հետո առարկայական դարձավ եւ ի վերջո՝ իրականություն, Եվրամիությունը: Երկրորդ աշխարհամարտից հետո ազգերի հաշտեցման եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի մասին այսօր ՄԱԱ-ում <Աշխարհը եւ մենք> ծրագի շրջանակներում խոսել է ՀՀ-ում Գերմանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեպսան Մաթիաս Քիսլերը: Ի դեպ՝ նա առաջին անգամ է հոկտեմբերի 3-ը տոնելու Հայաստանում:  Դեսպանն անդրադարձել է նաեւ Հայաստանի համար <ցավոտ> եւ արդիական հարցերին՝ Հայոց ցեղասպանություն, ղարաբաղյան խնդրի կարգավորում եւ սահմանային վերջին լարումներ:

 

Շատերը մոռանում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ի կառուցվածքը ոչ երեք երկրներից է բաղկացած։ Գերմանիան նույնպես ընդգրկված է այդ կառույցում, ուստի Մաթիաս Քիսլերը՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանը, լավատեղյակ է ղարաբաղյան հակամարտության խնդրից եւ չի խուսափում նման հարցերից, պարզապես բոլոր պատասխանները դիվանագիտական են:

Օրինակ՝ լրագրողների հարցերին թե ինչո՞ւ պետք է վստահենք ԵԱՀԿ ՄԽ-ին, երբ նրանց բոլոր հայտարարություններում համահավասարեցման սկզբունքն է դրված, երբ նրանց ջանքերին հակառակ Ադրբեջանը տարեցտարի կիրառում է զենքերի նոր տեսակներ եւ խոշորացնում է այդ զենքերի տրամաչափերը, Գերմանիայի դեսպանը պարզապես պատասխանում է, որ իր երկիրը վստահում է Ֆրանսիայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին ու այդ ձեւաչափում որեւէ փոփոխություն մտցնելու կարիք չեն տեսնում:

«Միջազգային հանրությունը դեպքի վայրում չի գտնվում, շփման գծում չէ եւ նրա համար դժվար է խոսուն փաստեր ձեռք բերել, ուստի հարկավոր է ստեղծել հնարավորություններ, որպեսզի միջազգային հանրությունը հակամարտության այդ զարգացումների վերաբերյալ տեղեկանա: Այստեղ մեծ է ոչ միայն երեք համանախագահների առաքելությունը, նրանց դերը, այլ նաեւ հենց հակամարտության կողմերի դերը: Նրանք պետք է հանդես գան փոխզիջումների ոգով եւ պետք է ամեն ինչ արվի, որ հակամարտության հետագա սրացումը կանխվի»,- ասում է։

Դեսպանի փոխանցմամբ՝ իրենք Գերմանիայում անհանգստացած են հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծերում սահմանային լարվածությունից: Մաթիաս Քիսլերը հավաստիացնում է՝ հաջորդ տարի, երբ Գերմանիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը եւ փորձելու է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ:

«Հավատացեք, որ Գերմանիան կանի ամեն հնարավորը այս շրջանակում՝ նպաստելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բայց ներկա պահին ամենից կարեւորն է, որ թուլանա լարվածությունը եւ, որ հրադադարի խախտման դեպքերը այլեւս չկրկնվեն»:

Խոսելով պատմական սխալների ընդունման եւ հանցագործությունների դատապարտման մասին՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանը չցանկացավ մեկնաբանել Բունդեսթագում Հայոց  ցեղասպանության դատապարտման բանաձեւի քննարկման ընթացքը։ Հիւշեցնեմ, որ հարցը դեռ Գերմանիայի խորհրդարանում է եւ պարզ չէ, թե հետագայում ինչ ընթացք կունենա:

Մաթիաս Քիսլերը <սպելուլյացիա> որակեց հարցը, թե արդյո՞ք Թուրքիայի եւ Գերմանիայի համագործակցությունն ու աշխարահաքաղաքական շահերն են խանգարում Գերմանիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: «Ես սա կդիտարկեի ավելի շատ որպես շահարկում, սպեկուլյացիա, որ այդ գործոնը կարեւոր նշանակություն ունի»:

Դեսպանն իր խոսքում ուղղակի նշեց, որ <բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին>, իսկ ճշտող հարցին, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել եւ ինչ բառով կբնորոշի այն, Մաթիաս Քիսլերը հստակեցրեց. <Ձեր ժողովուրդն այնքան մեծ տառապանք է ապրել, որ էական չի, թե ինչ բառով կբնորոշվի այն>:

Կարդացեք նաև
Close
Back to top button