Հասարակություն

Տարեցների օրը՝ Նորքի տուն-ինտերնատում

arminegevorgyan

 

Նրանք հաճախ վիճում են, բամբասում, երբեմն սիրահարվում ու ամուսնանում: Ամեն մեկն այստեղ ապրում է իր ցավով, խնդիրներով, ու ուրախությամբ: Մի ժամանակ նրանց ճակատագրերը տարբեր են եղել, բայց  այս պահից սկսած  դրանք նույն են`բոլորին  միավորում ու կապում է մի բան. կարոտը դեպի անցյալ` հարազատներ, տունը, շրջապատ:

Հոկտեմբերի 1- ին նշվում է Տարեցների միջազգային օրը: Այդ օրը նրանք ուշադրություն պակաս չեն զգում։ Նրանց այցի են գալիս պաշտոնյաները ողջունում ու շնորհավորում`ցանկանալով երկար տարիների կյանքը:  Այս օրն էլ բացառություն չէր: Ծերերը տոնի շնորհավորհանքը լսում են ու հետո սկսում են  պատմել իրենց կյանքը:

Աշխատել են, տուն են ստեղծել, երեխա  են ունեցել, բոլորին ուսման  կամ արհեստի տվել, ամուսնացրել,.. ու հենց այստեղ ու այս պահից նրանց դեմքը միանգամից մռայլվում է ու նրանք հիշում են իրենց լավ ու բարի ժամանակները:

Բայց այդ մռայլության մեջ անգամ նրանք  ոչ մեկին չեն մեղադրում: Չեն խոսում իրենց անշնորհակալ զավակների մասին, չեն պատմում ինչպես լքեցին ծեր ,հիվանդ ու անօգնական ծնողին: Փոխարենը՝ պատմում են որդիների ու դուստրերի հաջողությունների, թոռների բարձր առաջադիմության մասին…

Այս մարդկանց համար իրենց զավակներից լավը չկա աշխարհում:

 

Նորքի տուն- ինտերնատի բնակիչներից շատերը հավաստիացնում են, որ այստեղ իրենց շատ լավ են զգում `ուշադրության և խնամքի պակաս չկա: Մարդիկ կան, որոնք այստեղ առժամանակ մնալուց հետո տուն են գնում, հետո վերադառնում են, քանի որ այստեղ ավելի գնահատված ու կարևոր են իրենց զգում:

Այստեղ հաճախակի են միջոցառումներ կազմակերպվում: Ծերերը չեն հասցնում ձանձրանալ: Այսօր Նորքի տուն ­ինտերնատում բնակիչներն իրար լրացնելով թվարկում էին այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են իրենց համար։

Նորքի տուն -ինտերնատի գլխավոր բժիշկ Էմմա Մելիքյանը, ով երկու ամիս է  աշխատում այս հաստատությունում`«Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ այստեղ հայտնված անձիք ամենաշատն են զգում հոգատարություն ու ջերմություն կարիք, բայց նրանք երբեք  չեն մեղադրում իրենց երեխաներին ու միշտ արդարացման պատճառ գտնում։

Տարեցների միջազգային օրվա առթիվ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային շրջայց էր կատարել Նորքի տուն- ինտերնատ: Վերջինս նշում է, որ յուրաքանչյուր ոք պետք է գնահատի տարեցների ներդրումը մեր երկրի կայացման գործում։

Տարեցների տունը  այսօր այդքան տխուր չէր լինի, եթե այն, իրոք, միայնակների համար լիներ:Այստեղ հավաքված ծերերը մանկան նման երջանիկ են: Ու չգրված օրենքի համաձայն`հաճախ  այդ երջանիկներին այցելում են  երեխաները՝ հատկապես ամսվա վերջին`թոշակը վերցնելու նպատակով։

 

Back to top button