Նվեր երեւանցիներին՝ Երեւանի տոնին


Արդեն երկրորդ տարին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակներում, Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ մայրաքաղաքի 2797 ընտանիքի կհանձնվի էլեկտրատեխնիկական սարքավորումներ: Ծրագրի մեկնարկը տրվել է այսօր և կավարտվի հոկտեմբերի 10-ին: Սոցիալական այս ծրագրում ընդգրկված են տարբեր խմբեր՝ Հայրենական պատերազմի վետերաններ, արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ ու հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-15 թթ զոհված զինծառայողների, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ ու մանկավարժներ, կարիքավոր սիրիահայ, ինչպես նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ցեղասպանություն վերապրած անձինք:
«Էրեբունի- Երևան» տոնակատարության շրջանակներում արդեն երկրորդ տարին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է սոցիալական ծրագիր՝ Երևանի տոնին նվեր երևանցիներին: Այս տարի ևս Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ մայրաքաղաքի 2797 ընտանիք նվեր կստանա սառնարան, լվացքի մեքենա, վառարան, գազօջախ, հեռուստացույց, փոշեկուլ և այլ էլեկտրատեխնիկական սարքավորումներ: Սոցիալական ծրագրի մեկնարկն ազդարարվեց այսօր և կձգվի մինչև հոկտեմբերի 10-ը: Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ այս տարվա ծրագրում ընդգրկված չեն նախորդ տարվա ծրագրում ներառված ընտանիքները: Ընտանիքներին նվերները բաշխվել են ըստ անհրաժեշտության:
«Այս ծրագիրը սոցիալական նշանակությունից բացի մի բարի խորհուրդ ևս ունի: Այն է, որ այս ընտանիքները տոնի կապակցությամբ ամեն անգամ նվերներն օգտագործելիս լցվելու են ջերմությամբ ու բարությամբ, որովհետև հիշելու են , որ այն ստացել են Երևանի տոնի կապակցությամբ և այդպես ջերմորեն էլ վերաբերելու են իրենց մայրաքաղաքին»:
Ծրագրում ներառված են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: Սակայն շրջայցս Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և Էրեբունու թաղապետարանի աշխատակիցների հետ հենց համանուն շրջանում էր, որտեղ սոցիալապես անապահով , սիրիահայ կարիքավոր և ազատամարտիկ ունեցող ընտանիքներին հանձնվեցին նվերները: Սոցիալապես վատթար պայմաններում բնակվող բազմազավակ Վարդանյանների ընտանիքի համար նվերն անակնկալ էր, չէին սպասում: Երբևէ որևէ տեղից նման ուշադրության չեն արժանացել, նշում է տանտիկինը՝ Նաիրա Վարդանյանը:
Ծրագրում ընդգրկված են ոչ միայն մեր համաքաղաքացիները, այլև սիրիահայ կարիքավոր ընտանիքներն անմասն չեն մնացել: Մելքոնյանների ընտանիքը սիրիական պատերազմի հետևանքով 2013 թվականին եկել ու բնակություն է հաստատել հայրենի հողում: Երեք ապագա զինվորներ դաստիարակող ընտանիքի համար հայրենիքում դժվարությունների ճամփան դեռևս ձգվում է, սակայն փորձում են հաղթահարել ու պատվով մեծացնել երեք զավակներին՝ Դավթին, Դրաստամատին և Նժդեհին: Հայկականությունը նույնիսկ օտար ափերում պահպանած ընտանիքն էլ այսօր Երևանի ծննդյան կապակցությամբ ստացավ իր նվերը:
Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ ծրագիրը դառնալու է ավանդույթ և ամեն տարի ընդգրկելով նոր ընտանիքներ՝ կփորձեն մի փոքր թոթափել կարիքավորների հոգսերը: