Էլէներգիայի սակագնից մինչեւ 2016թ. պետբյուջեի նախագծի հաստատում


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված է, այսօր՝ կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեղեկացնելով՝ հարցը ՀՀ նախագահի հետ են քննարկել, որոշել, որ սակագնի բարձրացումը չպետք է խոչընդոտի քաղաքացիների նորմալ կենսագործունեությանը: Մինչև 2016թ օգոստոսի մեկը կառավարության հետ համատեղ ու հավասար հիմունքներով բնակիչների փոխարեն ավեկացված 6,93 դրամը կփոխհատուցի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նոր սեփականատերը՝ Տաշիր Գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: Փոխհատուցումը, հիշեցնենք, ոչ բոլոր քաղաքացիներին է վերաբերելու: Սուբսիդավորումից, օրինակ, չի օգտվի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ընտանիքը, քանի որ նրանք 250 կիլովատ ժամից ավելի են էլեկտրաէներգիա սպառում: Իսկ փոխհատուցման համար քաղաքացիներն ու փոքր և միջին բզինեսի ներկայացուցչները պետք է մինչև 250 կվտ ժամ էներգիա սպառեն: Կառավարության նիստի օրակարգում այսօր 38 հարց է ներառված եղել: Հարցերից մոտ մեկ տասնյակը տարբեր ոլորտներում հաջորդ տարվա ծրագրերի ու միջոցառումների նախագծերն են եղել: Այսօր հաստատվել է նաև հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ «2016թ Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանված կարգով հոկտեմբերի երկուսին խորհրդարան կուղարկվի:
Երկու շաբաթ անց ի վերջո պարզ դարձավ, թե ով է ձեռք բերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բաժնետոմսերը: Ընկերությունը գնել է ռուսաստանաբնակ գործարար Տաշիր Գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց՝ իշխանություններն են դիմել Սամվել Կարապետյանին՝ խնդրելով « ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերության հետ քննարկել Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման հարցը:
Սամվել Կարապետյանը կատարել է Հայաստանի իշխանության խնդրանքն ու որոշել ձեռք բերել ՀԷՑ-ը: Այսօր նաև պարզ դարձավ, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում չի լինի: Հարցը վարչապետը ՀՀ նախագահի հետ է քննարկել
«Որոշել ենք, որ սակագնի բարձրացումը չպետք է խոչընդոտի քաղաքացիների նորմալ կենսագործունեությանը»:
Կառավարությունն ու Սամվել Կարապետյանը մինչև 2016թ օգոստոսի մեկը հավասար հիմունքներով կփոխհատուցեն սակագների տարբերությունը: 6,93 դրամը կփոխհատուցվի ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար: Տաշիր Գրուպի նախագահը, ի դեպ, գումարները սեփական գրպանից է փոխանցելու:
Կառավարությունում հաշվարկել ու պարզել են, որ բնակչության 79 տոկոսը միջին հաշվով ամսական 250 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա է սպառում: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
2016 թվականի պետական բյուջեի նախագիծը հաստատված է: Նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ 2016թ հաջորդ տարի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4, 12ամսյա գնաճի թիրախը 4 պլյուսմինուս 1 տոկոս, դեֆիցիտը՝ 3.5 տոկոս։ Հաջորդ տարի պետական բյուջեի ծախսային մասը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ (1,373,746,924.1 դրամ), եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ (1,183,003,998 դրամ), իսկ դեֆիցիտը՝ 190,7 մլրդ դրամ (190,742,926,000 դրամ): Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1 տրլն 129 մլրդ դրամ: «Ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1 տրլն 373 մլրդի չափով։ 96 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին։ 2016ի բյուջեի ծախսային մասը 2015ի պետական բյուջեի համեմատ ավելացել է շուրջ 68 մլրդ դրամով»:
Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի հետ ԱԺ կուղարկվի նաև «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագիրը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյան.«Մենք այս նախագծով 958 մլն դրամ փող ենք հատկացնում գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման, և հողի, անշարժ գույքի ու գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով»:
Գործադիրն այսօր հաստատեց նաև Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018 թվականների ռազմավարությունը: Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց,որ ռազմավարությունը մշակվել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, բազմաթիվ քննարկումներ է կազմակերպվել: 2016-2018թթ նախատեսվում է ՓՄՁ-ների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում հասցնել առնվազն 40 տոկոսի: Այն այսօրվա գնահատականներով 30 տոկոս է կազմում: Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ռազմավարությունում առանձնացվել է տասը հիմնական ուղղություն, որոնք կարևոր են ՓՄՁ-ի զարգացման համար:
Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագիրն ու միջոցառումները նույնպես հաստատված են: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Հաստատվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկը: Նախագծի հաստատման հիմնական նպատակը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն է . ինչպես նաև նրանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը: 2016 թվականը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի:
2016 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագիրը նույնպես հաստատված է:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում, կառավարության որոշմամբ, նաև հողամաս ներդրվեց : 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցվեց Հայանտառ, որից ու տրամադրվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, որը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար կկառուցի: