Գինու 7-րդ ավանդական փառատոնը՝ Ռինդ և Արենի համայնքներում


«Արենի փառատոն» հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի , Վայոց Ձորի մարզպետարանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության աջակցությամբ հոկտեմբերի 2-4-ը կազմակերպում է Գինու 7-րդ ավանդական փառատոնը Վայոց Ձորում: Ամենամյա Գինու փառատոնն անցկացվելու է Վայոց Ձորի մարզի գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ և Արենի համայնքներում: Կազմակերպիչներն այսօր ներկայացնելով միջոցառումների ժամանակացույցը՝ ներկայացրել են նաև փառատոնի նպատակը, այն է ճանաչելի դարձնել հայկական գինեգործության ակունքները:
Արենին դարձյալ կողջունի և իր հյուրընկալ դռները կբացի գինու սիրահարների առջև: Արդեն ավանդական դարձած «Գինու փառատոնն» այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը Ռինդ և Արենի համայնքներում: Ժողովրդականություն վայելող փառատոնը ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Փառատոնի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական գինեգործության ակունքները, նպաստել հայկական գինու որակի բարձրացմանը և գինեգործության մշակույթի տարածմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, ինչպես նաև Արենի և Վայոց Ձորի մարզի այլ համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, մեծապես կարևորելով այս փառատոնը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Ամեն տարին փառատոնը հյուրընկալում է մասնագետների ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Այս առումով բացառություն չէ նաև այս տարին: Գինեգետները մասնակցում են նաև այսպես կոչված կույր մրցույթին: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի տեղեկացմամբ՝ սա այն մրցույթն է, որին բացառապես մասնակցում են բարձրակարգ գինի արտադրող ընկերությունները: Իսկ նրանք, ովքեր գիտեն, որ իրենց գինին այնքան էլ լավը չէ, պարզապես չեն մասնակցում:
Այս փառատոնը Հարավային Կովկասում թերևս ամենակայացած և ամենամարդաշատ փառատոնն է, իր հերթին նկատեց Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Ի վերջո այս փառատոնի շնորհիվ հասկանում ենք, որ գինին պարզապես խմիչք չէ: Այս միջոցառման շնորհիվ զարգանում է նաև գինու տուրիզմը, նշեց Էմին Երիցյանը: Փառատոնին այս տարի կմասնակցեն հյուրեր Վրաստանիս և Իսրայելից: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանեցին արտասահմանցի հյուրերը՝ արդեն փորձել են մեր հայկական գինիները և դրանցով պարզապես հիացած են: