Քաղաքական

Ադրբեջանի վրա ազդելու միջազգային հանրության լծակներն արդյունավետ չեն կիրառվում. վերլուծաբան

karenghazaryan
Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրության եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների կողմից լինի այն պատասխանատվության ընկալումը, որ իրենց կողմից արվող լղոզված, հավասարակշիռ եւ մեղավոր կողմին ուղղակիորեն չնշող հայտարարությունների տակ լինում են մարդկային կյանքերի կորուստներ: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Նա անդրադարձել է սահմանային միջադեպերին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախագահի ունեցած ելույթին, ինչպես նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցած երկկողմ հանդիպումներին:

Միջազգային հանրությունը սահմանային լարվածությունների դեպքերում ունի լծակներ՝ Ադրբեջանի վրա ազդելու համար: Կարեն Բեքարյանի գնահատմամբ, սակայն, այդ լծակներն արդյունավետ չեն կիրառվում:

«Պատճառը շատ պարզ մի բանաձեւի մեջ է արտահայտվում: Այն է՝ շահերը արժեքներից վեր են դասվում»:

Բանախոսի գնահատմամբ՝ նման կեցվածքը վտանգավոր է, առավել եւս՝ դրանից ոչ-ոք ոչինչ չի շահում, անգամ նրանք, ովքեր ինչ-ինչ շահեր ավելի բարձր են դասում, քան արժեքները: Կարեն Բեքարյանը կարծում է, որ եթե միջազգային հանրությունը սահմանային միջադեպերի հետ կապված լռություն է պահպանում, ապա դրանով իսկ ստանձնում է պատասխանատվության բեռ՝ թափված արյան և զոհվածների առջև:

«Այս ընկալումը, ես կարծում եմ, որ շատ դանդաղ /ես դա որպես շատ վատ բան եմ ասում, շատ դանդաղ, բայց կամաց-կամաց այդ ընկալումը հասունանում է: Ցավոք, այդ դանդաղության ներքո մեր տղաների կյանքերն են նաեւ»:

Պատգամավորը հիշեցրեց նախորդ տարվա նոյեմբերին զորավարժությունների ժամանակ խոցված ուղղաթիռի դեպքը, երբ, ըստ նրա, միջազգային հանրությունից որևէ մեկը կառուցողական հայտարարություն չարեց, և ռազմական գործողությունների արդյունքում միայն հնարավոր եղավ զոհված տղաների դիերը դուրս բերել:

«Այդ գործողության ընթացքում զոհվեցին ադրբեջանցիներ: Միջազգային հանրությունից որեւէ մեկն իրեն թույլ տվե՞ց ասելու՝ ինչու այսպես արեցիք: Ոչ: Որովհետեւ բոլորի համար հստակ էր ու տեսանելի, որ  այլ ելք չէր մնացել»:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովում հնչեցրած ելույթին, պատգամավորն ասաց, որ բավական մեծ ուշադրություն ու շեշտադրում կար Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, ինչը կարելի էր համարել այս տարելիցի ամենաէական դրսեւորումներից մեկը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի ամբիոնի ընդգրկողությունը:

«Բովանդակությունը նորից արտացոլեց այն հիմնական թիրախները, որոնք 100-դ տարելիցի ընթացքում դրված էին համահայկական օրակարգի հիմնական ծիրում: Եվ բնականաբար, այստեղ կար նաև ուղերձը, որ քանի դեռ նման հանցագործությունները ճանաչված և դատապարտված չեն, խոսել անվտանգության մասին, պատկերացնել, որ անվտանգության խնդիրը էական փոփոխություններ է կրել, իհարկե, հնարավոր չէ»:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ կարևոր  է նաեւ Ադրբեջանի ղեկավարության կեցվածքի, բռնատիրական ռեժիմի պահվածքի մասին ելույթում արված շեշտադրումը. «Այն ամենը, ինչ ունենք սահմանի երկայնքում, Ադրբեջանի հասարակությանը շեղելու համար է արվում», իսկ սադրանքներն Ադրբեջանի ձեռագիրն է, որից չի ցանկանում հրաժարվել: Այս պարագայում առնվազն ընկալելի են լինելու հակագործողությունները՝ հավելեց պատգամավորը:

ԱՄՆ–ում ՀՀ  նախագահի երկկողմ հանդիպումներին անդրադառնալով՝ Կարեն Բեքարյանը կարծիք հայտնեց, որ դրանք բավական բովանդակային եւ կարեւոր էին, քան որ Հայաստանը իր մտահոգությունները հայտնելու հնարավորություն ուներ:

Back to top button