Հասարակություն

Միջազգային բուժքույրական համագումար՝ Ստեփանակերտում

Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում՝ ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Բուժքույրություն. կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» թեմայով միջազգային բուժքույրական համագումար, որին մասնակցում էր 500-ից ավել բուժանձնակազմի աշխատող՝ Արցախից, Հայաստանից, ինչպես նաև 25 վաստակաշատ բուժքույր-դասախոսներ, ովքեր ժամանել են ԱՄՆ-ից, եվրոպական, ասիական, ԱՊՀ տարբեր երկրներից:

kushkyan-bako

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով համագումարի մասնակիցներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման ներկայացուցչական համագումարի անցկացումն Արցախում:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:

Կարևորելով բուժքույրական օղակի դերը` առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ առողջապահության համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:

kushkyan1

Իր հերթին ողջունելով համաժողովի արցախյան, հայաստանյան և արտասահմանյան մասնակիցներին, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ միջազգային բուժքույրական համագումարը կանդրադառնա առողջապահության առաջնահերթ խնդիրներին,նպաստելով բուժքույրական որակի զարգացմանը:

«Որակյալ բուժօգնությունը բարձրացնում է հասարակության վստահությունը դեպի բուժհաստատությունը և ընդհանրապես դեպի առողջապահությունը: Համագումարը հիմնականում ուղղված է հիվանդի անվտանգության ապահովման խնդիրներին և ընդունել է Հիպոկրատի «Մի´ վնասիր» առաջին պատգամը որպես կարգախոս»,-ասել է Հ. Քուշկյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բ ժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը ասել է.« Սա կարևոր իրադարձություն է Արցախի բուժքույրերի կյանքում, որը մեծ հնարավորություն է ընձեռում խորացնել գիտելիքները, ծանոթանալ քույրական գործի վերջին նվաճումներին, հարստացնել աշխատանքային փորձը և ինտեգրվել մրջազգային բուժքույրական հանրությանը:

Նաև հիանալի օրինակ է Հայաստանի քույրական գործի ասոցացիայի և Արցախի բուժքույրերի միության ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համագործակցության , քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ բարելավել մարդկանց առողջությունը»:

kushkyan

Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բուժքույր-դասախոսները հանդես են եկել բուժքույրական արդի խնդիրների շուրջ տարբեր զեկուցումներով:

Համագումարին ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ «Բուժքույրերի միավորում» ասոցացիայի նախագահ, ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գլխավոր բուժքույր Լիլիա Մովսեսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:

Back to top button