Տնտեսական

ՀԲ- ն սատարում է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՀԲ-ի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում մարզերում իրականացվում են սոցիալտնտեսական մի շարք ծրագրեր, արձանագրվում խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու նպատակով: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի ակտիվ գործունեությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ տարածքային համաչափ զարգացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ բնագավառների զարգացման ուղղությամբ: Խոսելով էներգետիկայի ոլորտի զարգացման վերաբերյալ՝ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն արդեն առաջիկա տարիներին, ինչի արդյունքում կունենանք կայուն և զարգացած էներգետիկ համակարգ:

Իր հերթին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին նշել է, որ ՀԲ-ն լիովին սատարում է վարչապետ Աբրահամյանի ներկայացրած ՀՀ կառավարության գերակա ծրագրերի իրականացմանը և հայտնել ՀԲ-ի աջակցությունը՝ մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում: Խոսելով Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մասին՝ տիկին Բեյլին նշել է, որ այն ուղղված է տարածքային համաչափ զարգացմանը, մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջիկների թվի հետևողական աճին նպաստելուն, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը:

Այնուհետև ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ծրագրերի ղեկավար Ահմեդ Այվեդան մանրամասն ներկայացրել է ծրագրով նախատեսվող միջոցառումները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և Հայաստանի զարգացման ռազմավարության թիրախները: Պարոն Ավյեդան նշել է, որ Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի նպատակն է ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումն՝ ուղղված մեր երկրի ընտրված մարզերում տեղական տնտեսության զարգացմանը, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, այդ թվում՝  մշակութային ժառանգության վերականգնմանը և զբոսաշրջային երթուղու զարգացմանը: Ներդրումները կուղղվեն հանրային ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրամատակարարման բարելավմանը, հասարակական տարածքների, պատմական շենքերի, թանգարանների վերականգնմանը և այլն:

Այնուհետև ծրագրի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց ուղղությամբ քննարկումները կշարունակվեն առաջիկայում:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել ներկայացված ծրագիրը և կարևորել դրանով նախատեսվող քայլերն ու միջոցառումները՝ տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման առումով: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԲ-ի հետ համագործակցությամբ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ փոխգործակցության համար և ընդգծել վարչապետ Աբրահամյանի հետևողականությունն ու նպատակամղվածությունը՝ ծրագրի մշակման և իրականացման գործում:

Back to top button