

լրացվել է ժամը 18։52- ին
Համաշխարհային տնտեսական ֆորումը նոր գնահատումներով է հանդես եկել` աշխարհի 140 երկրներն իրենց տնտեսական զարգացման այս կամ այն ցուցանիշով նոր դասակարգման ենթարկելով: Հայաստանն իր դիրքերը բարելավել է երեք կետով` 140 երկրի շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: «Բայց վերջին 10 տարվա ընթացքում մենք գրեթե նույն դիրքերն ենք պահպանում` առանց զգալի փոփոխությունների»,-այսօր հայտարարել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը: Տարբեր կարեւոր ցուցանիշերով հետընթաց ունենք, մասնավորապես, բանկերի կայունության առումով, բայց մեր երկրի հարկերն են ցածր գնահատվել: Աշխարհում լավագույն դիրքերում ենք ՁԻԱՀ-ի ցածր տարածվածության մասով, բայց մյուս կողմից շատ տխուր ցուցանիշ ունենք տաղանդները երկրում պահելու ու երկիր տաղանդներ բերելու ունակությամբ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային 2015-2016» զեկույցում Հայաստանը 3 կետով բարելավել է դիրքը` 140 երկրի շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը 144 երկրի շարքում 85-րդ-ն էր: Այսօր զեկույցի մանրամասները ներկայացրեց Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական միջավայրի կայունության, 4 կետով՝ առողջապահության եւ տարրական կրթության, 3 կետով՝ բարձրագույն կրթության եւ վերապատրաստման ցուցանիշերով: Երկնիշ առաջընթաց ունենք ապրանքների եւ աշխատուժի շուկաների արդյունավետության ցուցանիշերով:
Փոխարենը` 4 կետով հետընթաց է գրանցվել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության, ինչպես նաեւ գործազրկության մասով: Բանկերի կայունության ցուցանիշում հետընթաց է գրանցվել միանգամից 17 կետով, այնինչ հենց այս ցուցանիշով մեր իշխանությունները միշտ հպարտանում էին «Ունենք տնտեսական աճի երկարատեւության պահպանման ռիսկեր»,- ասում է Հերգանյանը:
«Մեր ցուցանիշերը մատնանշում են, որ զարգացման այս փուլում Հայաստանի հիմնական մարտահրավերներն են մարդկային կապիտալի զարգացումը, տեխնոլոգիաների օգտագործման տարածումը, նորարարությունների խթանումը, ֆինանսական համակարգի զարգացումը»,- ասում է Մանուկ Հերգնյանը:
Հետագա զարգացում ունենալու համար այս ուղղություններով առանձնահատուկ աշխատանք է պետք: Շեշտվում է, որ աշխարհում առաջին հորիզոնականներում ենք ՁԻԱՀ-ի տարածման ցածր ցուցանիշով: Մեզ մոտ կիրառվող հարկերն են ցածր համարել: Բայց միաժամանակ «շատ տխուր ցուցանիշ ունենք տաղանդները երկրում պահելու ու երկիր տաղանդներ բերելու ունակությամբ»:
Համեմատություն անցկացնելով այլ երկրների հետ` տնտեսագետը նկատում է` ԱՊՀ տարածաշրջանի երկրներից զգալի առաջընթաց են գրանցել, Տաջիկստանը՝ 11 կետով, Ռուսաստանը եւ Ղազախստանը՝ 8-ական կետով, Ղրղզստանը՝ 6 կետով, Վրաստանը՝ 3 կետով: 3 կետով հետընթաց է գրանցել Ուկրաինան, 2-ական կետով՝ Ադրբեջանը եւ Մոլդովան: Բայց բոլոր այս տեղաշարժերով եւ Հայաստանի` 3 կետով առաջընթացով հանդերձ էլ Հայաստանը գերազանցում է միայն Մոլդովային ու Ղրղզստանին` տասնյակներով զիջելով թե Վրաստանին, թե Ադրբեջանին:
Իսկ ընդհանրապես աշխարհում Համաշխարհային մրցունակության զեկույցը առաջատար երեք երկրներն է համարում Շվեյցարիան, Սինգապուրը Եւ ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաեւ Գերմանիան եւ Նիդերլանդները: