ԿարևորՔաղաքական

Յուրի Խաչատուրով. Հակառակորդն ունի լուրջ կորուստներ (լրացված)

լրացվել է ժամը 18։32- ին

karenghazaryan
Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունը։ Զորավարժությունը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 4-ը: Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 500 զինծառայող եւ մոտ 50 անուն զինտեխնիկա:  Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկոն այսօր արձագանքել է նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ ՀԱՊԿ-ից արձագանք չլինելուն վերաբերող հարցին:

 

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների առնչությամբ ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքի բացակայությանը վերաբերող հարցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ասաց, թե հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Իսկ այն, որ արձագանք չի եղել, Սեմերիկովի կարծիքով, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել։

«Համենայն դեպս տարածաշրջանում ձեւավորվող խնդրի ողջ սրության մասին նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է Դուշանբեի գագաթնաժողովում։ Պետության ղեկավարները հարցին մեծ ուշադրություն են հատկացրել։ Որքան ես գիտեմ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գործընկերների նախարարական հանդիպմանը ներկայացրել է խնդիրը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների առջեւ»:

Այնուհետեւ Վալերի Սեմերիկովը հավելեց, թե՝ իր կարծիքով այժմ որոշում կայացնելն իրատեսական չէ, քանի որ դրա համար, նրա խոսքով, քաղաքական որոշում է անհրաժեշտ, որը, նրա ձեւակերպմամբ, կայացնում են կանոնադրական մարմինները։

Մեր կանոնադրական  մարմիններն անուշադրության չեն մատնելու ստեղծված իրավիճակը՝ վստահեցնելով շեշտադրեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նա նաեւ հավելեց, թե՝ Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ունակ է համարժեք պատասխան տալու Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող սադրանքներին:

Այն, որ Հայաստանը ի վիճակի է համարժեք պատասխան տալու Ադրբեջանի սադրանքներին՝ լրագրողների հետ զրույցում շեշտեց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ «Խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա: Մենք ինքներս էլ կարող ենք լիովին զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը»,- շեշտադրեց մեր երկրի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետը:

Միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ եւ ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա՝ հիշեցրեց Յուրի Խաչատուրովը՝ շեշտելով, որ համարժեք պատասխան է տրվել եւ հակառակորդն ունի լուրջ կորուստներ:

Ի տարբերություն, սակայն, ադրբեջանական բանակի՝ Հայաստանի ԶՈւ-ը չի գնդակոծում գյուղերը՝ շեշտեց Հայաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի ղեկավարը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում բնակիչների հետ, հայտնում են ձեռնարկվող միջոցառումների մասին։ Միջադեպերն ամբողջովին բացառելն էլ հնարավոր չէ, քանի որ հակառակորդը ականանետեր եւ հաուբիցներ է կիրառում: Թեպետ հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, սակայն Ադրբեջանը հրաժարվում է։ հակառակորդն ունի լուրջ կորուստներ:

Անդրադառնալով այդ ամենին ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայությանն առնչվող հարցին՝ գեներալ-գնդապետը նշեց, որ դա, իրոք, ցանկալի է, սակայն դեռ լուրջ արձագանք չկա։ «Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,- հավելեց Յուրի Խաչատուրովը:

Back to top button