Իրաքի եզդի փախստականները կարող են ապաստանել նաեւ Հայաստանում


Իրաքից ներգաղթած արդեն 3 եզդի ընտանիք Հայաստանում ստացել է փախստականի կարգավիճակ, սակայն Հայաստանում ամենամեծ ազգային փորքամասնություն կազմող եզդիները Հայաստանի կառավարությունից ավելին են ակնկալում եզդի փախստականների հարցը կարգավորելու համար: Ի՞նչ կարող է անել ՀՀ կառավարությունը եզդի փախստականներին աջակցելու ու նրանց խնդիրները լուծելու համար: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ընթացքում եզդիական համայնքի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը Իրաքում ստեղծված իրավիճակից և Հայաստանի կառավարությունից իրենց ակնկալիքները:
Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից կատարված զանգվածային սպանություններից մեկ տարի անց եզդիական համայքնի ընդամենը մի քանի անդամներ ապաստան հայցեցին Հայաստանից, չնայած որ այստեղի եզդիական համայնքը կընդուներ նրանց:
Հուլիսի վերջին Իրաքի քրդական Էրբիլ քաղաքից ուղիղ չվերթով Երևան ժամանեց 3 ընտանիք: Նրանց օրինակին թերևս կարող են հետևել հարյուրավոր եզդիներ, եթե Թուրքիայից Վրաստան անցնելիս կարողանան հաղթահարել բյուրոկրատական քաշքշուքը։ Ինչ վերաբերում է արդեն ներգաղթածներին, պետությունը շատ արագ լուծեց նրանց կարգավիճակ տրամադրելու խնդիրը, նկատեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:
Նրանք ապահովված են ինչպես կացարանով, այնպես էլ սննդամթերքով: Այդուհանդերձ՝ Բորիս Մուրազին հայտնեց, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն կազմող եզդիները Հայաստանի կառավարությունից ավելին են ակնկալում եզդի փախստականների հարցը կարգավորելու համար:
Ներգաղթած եզդի ընտանիքի ներկայացուցիչ Հայդեր Ռաշո Համոն նախըտրել է գալ Հայաստան և այստեղ ապաստան խնդրել: Նա հայերի և եզդիների բարեկամական կապի մասին ծանոթացել է դեռևս պատմությունից: Այդ իսկ պատճառով վստահ էր ջերմ ընդունելության վրա: Իհարկե, կան նաև խնդիրներ: Խնդիրներից մեկը վերաբերում է կոմունալ ծառայությունների վարձավճարներին, որոնց հնարավորությունն իրենք այժմ չունեն, ուստի խնդրի լուծման համար հայցում են կառավարության աջակցությունը:
Մյուս խնդիրն իր ընտանիքի մյուս անդամների տեղափոխությունն է Հայաստան, որի համար ևս հայցում է պետության աջակցությունը: Փախստական եզդիներին կփորձի օգնել նաև «Առաքելություն Հայաստան» հկ-ն: Կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը հայտնեց, որ իրենք ունեն հայեցակարգ, ըստ որի փորձում են օգնել բոլոր կարիքավորներին: Տրամադրում են սոցիալական աջակցություն, սնունդ:
Եթե «Առաքելություն Հայաստան»-ը Իրաքից եկած եզդիներին օգնելու համար պետք է նոր հայեցակարգ մշակի, ապա ՄԱԿ-ի համար տարբերություն չկա, թե փախստականը ինչ ազգի ներկայացուցիչ է, կապ չունի անգամ կրոնական պատկանելիությունը, իր հերթին նշեց ՄԱԿ-ի փախստականների հետ կապված ծրագրերի բաժնի ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը:
Անդրադառնալով այս 3 ընտանիքներին՝ նա նշեց, որ առաջնային պետք է լուծվի լեզվի խնդիրը, որով նաև՝ երեխաների կրթության խնդիրը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու քաղաքական այլ գործիչներ ևս իրենց ցավակցությունն են հայտնել և բազմիցս բարձրացրել եզդիների խնդիրը: Կառավարությունն անգամ 100.000 դոլար է տրամադրել Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին աջակցելու նպատակով: