Զեղչերի տասնօրյակ՝ Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնում


Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակ: Ամեն տարի Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնը պայքարի շրջանակներում առաջարկում է մատչելի ծառայություններ: Այս անգամ նույնպես հոկտեմբերի 10-ից 20-ը հայտարարում է զեղչերի տասնօրյակ՝ հնարավորություն տալով բոլորին վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղը: Միայն վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր կլինի զերծ մնալ հետագա բարդություններից ևս մեկ անգամ հորդորում են մասնագետները:
Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Օրական 200 այցելու ունեցող կենտրոնում գրեթե շաբաթական կրծքագեղձի քաղցկեղի մոտ 20- նոր դեպք է հայտնաբերվում: Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նկատում է, որ տարեց տարի կանանց մոտ սեփական առողջության նկատմամբ հոգածությունը մեծանում է, ինչն էլ հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերել չարիքն ու կանխել դրա զարգացումը:
«Մոտավորապես 8200 կանայք եկել էին հետազոտվելու առանց որևէ ախտանշաններ նկատելու, սակայն նրանց մոտ քաղցկեղը հայտնաբերվել է զարգացման վաղ շրջանում: Նրանք ապրում են և կապրեն շատ երկար»:
Եթե 10 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղը կարող էր մահավճիռ դառնալ, ապա այսօր, գիտության զարգացման պայմաններում արդեն բժիշկների նպատակն է բարելավել ողջ կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղ հանդիպում է ոչ միայն միջին հասակի կանաց մոտ, այլև երիտասարդ տարիքում: Սակայն գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը նշում է, որ առողջ ապրելակերպ վարող կանանց մոտ նվազում է կրծքագեղձի քաղցկեղ ունենալու հավանականությունը:
«Հետևեն իրենց քաշին, աշխատեն ուտել ոչ ռաֆինացված սնունդ, շաքար քիչ օգտագործեն, քանի որ կարող է առաջանալ շաքարային դիաբետ, առողջ ապրելակերը այդ առումով կարելի է իջեցնել կրծքագեղձի ռիսկայնությունը»:
Կրծքագեղձի նորագոյացությունները չարորակի վերածվելը կարելի է կանխել, իսկ դրա համար նույնիսկ փոքր չափերի գոյացությունը անհրաժեշտ է հայտնաբերել վաղ շրջանում: Այդ նպատակով էլ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում Հայ-ամերիկյան առողձջության պահպանման կենտրոնն ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հանրությանը հնարավորություն է տալիս հոկտեմբերի 10-ից 20-ը ընկած ժամանակահատվածում օգտվել իրենց զեղչային համակարգից:
«30 տոկոս ենք զեղչ անելու, այսինքն մամոգրաֆիկ հետազոտությունը դառնալու է 10 հազար դրամ»:
Կենտրոնի առաքելությունը սակայան չի սահմանափակվում շենքային պայմաններում: Ամսական 4 անգամ մասնագետներից կազմված խմբերը մեկնում են մարզեր, որտեղ էլ իրականացնում են սկրինինգային ծրագիր և արդյունքում մոտ 120 կին անցնում է կրծքագեղձի հետազոտություն: Հոկտեմբերի 10-ից 14-ն էլ մասնագիտական խումբը մեկնելու է Արցախ՝ անվճար հետազոտություններ իրականացնելու նպատակով: