Ցեղասպանությունը ցավ է, որ նստած է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ. Ռուբեն Ահարոնյան


Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի լեգենդար Բորոդինի անվան լարային քառյակին: ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկի 90-ամյակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արամ Խաչատրյան համերգասրահում Բորոդֆինի անվան լարային քառյակի հետ համատեղ ելույթով այսօր հանդես կգա ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից՝ կատարելով Շուբերտի Թավջութակի կվինտետը: Կհնչեն նաև Չայկովսկու թիվ մեկ կվարտետը և Ռուբեն Սարգսյանի «Epiloge» լարային կվարտետը, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հիշատակին:
«Էդուարդ Միրզոյանից հետո Ռուբեն Սարգսյանը երկրորդ հայ կոմպոզիտորն է, որի ստեղծագործությունն ընդգրկվում է մեր երկացանկում և առաջին անգամ այն կատարվում է Երևանում», -ասում է Բորոդինի անվան քառյակի ջութակահար, մեր հայրենակից Ռուբեն Ահարոնյանը:
«Ռուբեն Սարգսյանն այս ստեղծագործությունը գրել է Էդուարդ Միրզոյանի մահվանից անմիջապես հետո, կարելի է ասել ՝ մեկ շնչով ամենաթարմ տպավորությունների ներքո: Ստեղծագործությունը նվիրված է մաեստրոյի հիշատակին: Ստացվեց այնպես, որ ստեղծագործության ավարտից հետո Ռուբեն Սարգսյանն ինքը հեռացավ կյանքից: Բայց մեզ հետ է նրա ստեղծագործությունը և մենք այսօր կկատարենք այն»:
Բորոդինի քառյակը հիմնադրվել է 1945 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների ջանքերով: Բորոդինի անունով այն կոչվեց ստեղծումից 10 տարի անց և մինչ օրս հանդիսանում է կամերային երաժշտության ամենաերկարակյաց կոլեկտիվներից մեկը: Կվարտետում այսօր հանդես են գալիս ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Սերգեյ Լոմովսկին, ալտահար Իգոր Նայդինը և թավջութակահար Վլադիմիր Բալշինը:
Գոյության 70 տարիների ընթացքում քառյակն ունեցել է 6000-ից ավելի համերգներ աշխարհի ամենատարբեր երկրներում: Մոտ մեկ միլիոն ունկնդիրներ, հարյուրավոր ձայնագրություններ: Բորոդինի քառյակն առանձնանում է դասական ավանդույթներին իր ընդգծված նվիրվածությամբ: «Մենք հպարտանում ենք, որ ինչ որ առոմուվ պահպանողական ենք: Արձակված կոճակներով, ոտաբոբիկ կամ պարելով երբեք բեմ դուրս չենք գալիս: Այսօր ամեն ինչ անում են, բայց մենք փորձում ենք պահպանել այն ազնիվ ավանդույթնեը, որոնք մեր հանճարեղ նախնիներն ավանդեցին մեզ դեռ 70 տարի առաջ»,-ասում է Ահարոնյանը:
«Ռադիոլուրի» խնդրանքով նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին նվիրված է նաև այսօրվա համերգը.
«Յուրաքանչյուր հայի համար դա գենետիկ հիշողություն է, որն ամրագրված է մեզանում և որևէ կերպ չի կարող ջնջվել: Թվում է թե ինչ է արել թուրքը՝ 21-րդ դարի , ժամանակակից փողկապով թուրքը, որը խոսում է անգլերեն ու քաղաքավարությամբ սեղմում է իմ ձեռքը: Ինչ է նա արել անձամբ ինձ, ոչինչ, բայց միևնույնն է՝ գենետիկ հիշողությունը կա ու կմնա և իմ մեջ և յուրաքանչյուր հայի, ինչպես նաև մեր զավակների ու թոռների մեջ: Դա սարսապելի ողբերգություն է, ցավ, որն անգամ այսօր՝ 100 տարի անց մենք զգում ենք»:
Հավելենք, որ փառատոնային հաջորդ համերգները տեղի կունենան սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի մեկին: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երևանյան բեմում հանդես կգան հայատանյան և սփյուռքահայ անվանի երաժիշներ: