Տնտեսական

Տնտեսագետները համոզված են՝ ռուբլով առեւտրի անցումը ձեռնտու է Հայաստանին

lianaeghiazaryan

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու խոսակցությունները կամ հայտարարությունները չպետք է մտահոգեն բանկերում ավանդ դնելու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին, շեշտում է ԱԺ փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` նկատելով` ԵՏՄ-ի շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման գործընթացը պետք է ավարտվի 2025թ., և մինչ այդ միասնական արժույթի վերջնական ներդրում չի լինի: Իսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը տարբեր թվային դիտարկումներով փորձել է համոզել` ռուբլով առեւտրի անցումն ու դոլարը շրջանցելը բխում է մեր շահերից:

 

Որքանո՞վ է հավանական ու որքանո՞վ ձեռնտու ԵՏՄ շրջանակներում ռուբլով առևտրին անցնելու հնարավորությունը: Այս թեման նորովի սկսեց շրջանառվել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԵՏՄ տարածքում գազի վաճառքն ռուսական ռուբլով իրականացնելու առաջարկից հետո:

Ձեռնտու լինի, թե՝ ոչ, վաղ թե ուշ պետք է անցնել միասնական արժույթի կամ գոնե միասնական փոխհաշվարկային համակարգերով առևտրի կազմակերպմանը, համոզմունք է հայտնում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Գուցե դա լինի սկզբում էլեկտրոնային փողով, բայց տնտեսական քաղաքականությունն ամեն դեպքում դրան է տանում: Այստեղ մենք պետք է կարողանանք գտնել համաձայնեցված լուծումներ, պատրաստ լինենք նաեւ այլընտրանքային լուծումներ տալուն: Ավելին` Ռուսաստանի առջև պետք է պահանջ դնենք, որ, օրինակ, 40 տարով կնքված գազի պայմանագիրն էլ ըստ այդմ վերանայվի, ասում է Միքայել Մելքումյանը:

Բայց արդյո՞ք Հայաստանի կարծիքը հաշվի կառնվի: Պետք է առնվի, ասում է  Մելքումյանն ու մի շարք թվերի անցնում` փաստելու, որ միասնական արժույթի անցնելը բխում է մեր շահերից: «Եթե խոսքը էներգակիրների մասին է, ապա միայն գազի ներկրման թվերով` մենք ՌԴ-ից ներկրում ենք 1. 7 միլիարդ խորանարդ  մետր գազ, և եթե  1.7 միլիարդը բազմապատկենք մինչև այս գործող 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարով, կստանանք մոտավորապես 350 միլիոն դոլար միայն գազի գծով։ Սա դիզվառելիքի ու բենզինի հետ  միասին կազմում է մոտ 650 միլիոն դոլար: Իսկ այդ 650 միլիոն դոլարը Ռուսաստանին վճարելիս ծածկելը բեռ է, և մենք տուժում ենք»։

Դոլարը որպես միջանկյալ արժույթ մեջտեղից հանելն առաջին հերթին Ռուսաստանում բնակվող իրենց ազգականներից ֆինանսական օգնություն ստացող մեր քաղաքացիներին է ձեռնտու, նկատում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը :

ԵՏՄ-ի շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման գործընթացը պետք է ավարտվի 2025թ., և մինչ այդ միասնական արժույթի վերջնական ներդրում չի լինի, կարծում է ԱԺ փորձագետ Սուրեն Պարսյանը: Բայց միաժամանակ նա հրավիրում է ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ ԵՏՄ որոշ երկրներ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական փոխհարաբերություններում արդեն անցել են նման ռեժիմի:

Օրինակ` Բելառուսը Ռուսաստան արտահանման 87 եւ ներմուծման 65 տոկոսի դիմաց վճարումները կատարում է ռուբլով,  նույնը` նաեւ Ղազախստանը` արտահանման 51 տոկոսի, ներմուծման 73 տոկոսի դեպքում ռուբլով է վճարում:  Այս երկրներն իրենց փոխադարձ հաշվարկներում անցել են ռուբլու, դա նրանց ձեռնտու է, եւ դա մեզ համար օրինակ է:

Տնտեսագետ, ԱԺ փորձագետ Սուրեն Պարսյանը նաեւ նկատում է, որ, նախքան փոխհաշվարկային միասնական համակարգին անցնելը, անդամ երկրները պետք է շուկայական միասնական մոդել  ու շուկայի համակարգ ունենան: Միջպետական պայմանագրերը պետք է փոխել, գնանշումը կատարել ռուբլով, որ միջանկյալ խնդիրներից խուսափենք: Ծանր աշխատանք է, փուլերով անցնելիք, բայց մինչ այդ` այժմ պետք է ճիշտ մեկնաբանել` ինչ էր ասում վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը վերաբերում էր Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, անցնել դրամի կամ ռուբլու՝ ազգային արժույթների ոչ ԵՏՄ շրջանակներում»,- պարզաբանեց Պարսյանն ու խոսքն ուղղեց բնակչության այն մասին, ովքեր մտավախություններ ունեն ավանդ պահելիս: «ԵՏՄ-ի շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման գործընթացը պետք է ավարտվի 2025թ., և մինչ այդ միասնական արժույթի վերջնական ներդրում չի լինի»:

Back to top button