Հասարակություն

ՍԴ մեջ առաջարկվող նոր դրույթներին ծանոթանալու համար ժամանակը բավարար էր. Արտակ Դավթյան

lusinevasilyan
Ժամանակը բավարար էր Սահամանդրության մեջ առաջարկվող նոր դրույթներին ծանոթանալու, դրանք քննարկելու և  առաջարկներ ներկայացնելու համար՝ այսօր ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր  Արտակ Դավթյանը՝ արձագանքելով քաղաքացիական հասարակության կոչին՝ հետաձգել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և հանրությանն ավելի երկար ժամանակ տրամադրել ծավալուն փաթեթին ծանոթանալու ու  գիտակցված ընտրություն կատարելու համար: Հանրապետական գործիչը կարծում է, որ մասնագիտական հանձնաժողովը բաց  է եղել ցանակացած առաջարկի համար: Նաև հիշեցնում է՝ փոփոխություններից հետո Սահմանադրությունը փոփոխելն ավելի հեշտ է լինելու. շատ հոդվածներ կարող են խմբագրվել պարզապես խորհրդարանի կողմից ՝ առանց հանրաքվեի:

 

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր  Արտակ Դավթյանը չի կիսում այն տեսակետը, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակային քննարկման համար նախատեսված ժամանակը բավարար չէ: Նա համաձայն չէ դիտարկմանը, թե  իշխանություններն ավելորդ շտապողականություն են դրսևորում ու դրանով հանրությանը զրկում գործընթացի վրա ազդելու հնարավորությունից:

«Իմ կարծիքով ժամանակը բավարար էր և բավարար է քննարկումների ու առաջարկություններ ներկայացնելու համար: Այս ընթացքում միայն Հանրապետական կուսակցությունը 300-ից ավելի առաջարկություններ է ներկայացրել»:

Իսկ գնահատականը, որ քննարկումների համար նախատեսված ժամանակը, բավարար չէ, տալիս են քաղհասարակության ներկայացուցիչներ: Մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով  իշխանություններին կոչ են անում հետաձգել հանրաքվեն, նաև փոխել հանրաքվեի ձևաչափը: Հետաձգման առաջարկը ՀԿ-ները հիմնավորում են փոփոխությունների ծավալով և բնույթով. հանրությանը ժամանակ և ազատ բանավեճ է անհրաժեշտ առաջարկվող 250-ից ավելի  փոփոխություններին ծանոթանալու և գիտակցված որոշում կայացնելու համար՝ նշում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

ՀԿ-ները նաև հանրաքվեի ձևաչափը փոխելու հարց են բարձրացնում: Նրանք կարծում են, որ նախագիծը պետք է քվեարկվի ոչ թե ամբոջապես, այլ՝ փոխկապակցված բաժիններով: Օրինակ, քաղաքացին կարող է կողմ լինել ընտրակարգի փոփոխությանը, բայց դեմ ՝ մարդու իրավունքների բաժնում նշված դրույթներին:  Փաստաբան Հայկ Ալումյանն օրինակ կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտևրակարգին անցնելուն, բայց կտրուկ դեմ՝ այն դրույթին, որը վերաբերում է սեփականության իրավունքին և որն ըստ փաստաբանի, սեփականությունից զրկվելու արտադատական հնարավորություն է բացում:

«Ստացվում է, որ կողմ քվեարկելով կողմ ես լինելու նաև այն դրույթներին, որոնց սկզբունքորեն դեմ ես և հակառակը: Սա ճիշտ մոտեցում չէ»:

Այսինքն, այս հանրաքվեի պայմաններում Հայաստանի քաղաքացիները միայն մեկ ընտրություն կունենան` ընդունել կամ մերժել բոլոր փոփոխություններն ամբողջությամբ: ՀԿ-ները առաջարկում են փոփոխությունների առանձին բովանդակային ուղղություններից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին քվեարկելու հնարավորություն ընձեռել:

Արտակ Դավթյանն հարցը այլ կերպ է դիտարկում: Հիշեցնում է,  որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում նոր առաջարկ կա՝ հենց  Սահմանադրությունը փոփոխելու գործընթացի վերաբերյալ: Նախատեսվում է, որ  հոդվածների մեծ մասը կարող են փոփոխել ոչ թե հանրաքվեով, այլ ավելի կարճ ճանապարհով՝  խորհրդարանի կողմից,  ընդամենը օրենք ընդունելով : Հանրաքվեով նախատեսվում է փոփոխվել միայն հատուկ հոդվածներ ու գլուխներ:

Այսինքն, նախագիծը Սահմանադրությունը փոխելու ավելի ճկուն հնարավորություններ է տալիս՝ ասում է Արտակ Դավթյանը և նկատում, որ վիճահարույց հոդվածները կարող են ընթացքում էլ փոփոխվել:  Մեր դիտարկմանը, թե փաստորեն  առաջակվում է նախ ընդունել, հետո խորհրդարանի կողմից ուղղումներ անել, հանրապետական պատգամավորն այսպես արձագանքեց:

«Ես առաջարկում ենմ, որ նախտեսնենք, թե ինչպես են աշխատում այն հոդվածները, որոնք այսօր վիճահարույց են համարվում: Հետաձգելու որևէ հարց չկա: Հետագայում եթե նկատենք, որ այս կամ այն հոդվածը չի ծառահյում այն նպատակին, որը մասնագիտական հանձնաժողովն էր ներկայացնում, ապա խորհրդարանն ունի այն իրավասությհունը, որ փոփոխություններ կատարի այդ հոդվածներում»:

Կարդացեք նաև
Close
Back to top button