Սպորտ

Նշվել է ՀԱՕԿ- ի 25- ամյակը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Շնորհավորելով ներկաներին ՀԱՕԿ-ի 25-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի: Ինչի վկայությունն էր նաև այսօր բացված նորակառույց շքեղ օլիմպիական ավանը՝ հարմարավետ մարզադաշտերով և արդիական մարզագույքով հագեցած մարզասրահներով: Մշտապես լինելով օլիմպիական շարժման գաղափարների՝ համերաշխության, հանդուրժողա¬կանության և արդար խաղի սկզբունքների ջատագովն ու քարոզողը՝ ՀԱՕԿ-ը այս ամենին հասնելու համար երկար ճանապարհ է անցել»:

Կառավարության ղեկավարն իրականացված մեծածավալ աշխատանքի և ոլորտին հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նշել, որ սպորտի բնագավառում նրա ներդրումը հայանպաստ և ազգանվեր գործ է: Վարչապետը հավելել է, որ ՀԱՕԿ նախագահի ջանքերի շնորհիվ է նաև, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեծ հեղինակություն է վայելում ու ճանաչված է միջազգային օլիմպիական հանրության կողմից: «Ասվածիս վառ ապացույցներից մեկն էլ անցած տարի՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Թոմաս Բախի, ինչպես նաև այսօր այստեղ ներկա գտնվող Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ալ-Սաբահի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Պատրիկ Հիկեի այցելություններն են Հայաստան: Կատարված աշխատանքը տեսանելի է, և ինչ ունենք այսօր՝ շատ գնահատելի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հպարտությամբ է շեշտել, որ մեր փոքրիկ հայրենիքը հարուստ է մարզական և հատկապես օլիմպիական հաղթանակներ նվաճելու ավանդույթներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ սպորտը աշխարհի ազգերին և ժողովուրդներին համախմբող բացառիկ ներուժ ունի և հայ մարզիկների արձանագրած ցանկացած հաջողություն մեր ժողովուրդն ընկալում է որպես սեփական հաղթանակ, ազգային ինքնության հաստատման և միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման հզոր գործոն: «Մեր մարզիկներին բազմիցս է հաջողվել աշխարհի տարբեր ծայրերում միջազգային հեղինակավոր մրցաշարերի ժամանակ հնչեցնել մեր երկրի ազգային օրհներգը: Փա՛ռք ու պատի՛վ նրանց՝ հայ ժողովրդի արժանավոր զավակներին: Մեր մարզական պատմության ընթացքում ունեցել ենք 13 օլիմպիական չեմպիոն: Վստահ եմ, որ հաջորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից մեր մարզիկները կվերադառնան նորանոր հաղթանակներով, որոնց գրավականը աշխարհի առաջնություններում և այլ մրցաշարերում նրանց հաջող ելույթներն են: Մենք հավատում ենք նրանց և հաջողություն մաղթում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և ՀԱՕԿ-ին մաղթել հետագա ծրագրերի իրագործում՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացման:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Back to top button