Առողջ ապրելակերպը՝ առողջ սիրտ ունենալու գրավական

Սեպտեմբերի 29-ը ԱՀԿ և Սրտի համաշխարհային ֆեդերացիան հռչակել են որպես սրտի համաշխարհային օր: Այս տարվա կարգախոսն է «Առողջ սրտի համար առողջ ընտրություն միշտ և ամենուր»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահանում է մոտ 38 միլիոն մարդ, որից 48 տոկոսը կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից տարածվածներն են զարկերակային բարձր ճնշմամբ և սրտի սնուցման խանգարման հետ կապված հիվանդությունները՝ ստենոկարդիան և սրտամկանի սուր ինֆարկտն ու ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ ինսուլտը:
Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից տարածված են զարկերակային բարձր ճնշմամբ պայմանավորված հիվանդությունները, տարածվածությամբ երկրորդ, սակայն մահացության ցուցանիշներով առաջին տեղն են զբաղեցնում ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝ ինսուլտը: Միայն 2014 թվականին արձանագրվել է սրտի իշեմիկ հիվանդության մոտ 17,000 նոր դեպք, որից 2080-ը սրտամկանի սուր ինֆարկտն է: Ամբողջ աշխարհում տարածված և մահացության ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցնող սրտանոթային հիվանդությունների նվազեցման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է համալիր ծրագրեր: 2015 թվականից սկսվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինինգային ծրագիրը , որի նպատակն է 35-ից 68 տարեկան անձանց շրջանում հայտնաբերել զարկերակային գերճնշում:
«Արդեն իսկ 170,000 մարդ զարկերակային գերճնշման սկրինինգային հետազոտություն է անցել, որի արդյունքում մոտ 11 տոկոսի մոտ հայտնաբերվել է գերճնշում և համապատասխան շարունակական բուժման պլան է նրանց համար նախատեսվել»:
Ծրագրերից մեկն էլ վերաբերում է սոցփաթեթի շահառուներին, ովքեր կանխարգելիչ բուժզննություն պետք է անցնեն ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և , վերահսկման, ինչպես նաև վաղաժամ մահացությունների թիվը նվազեցնելու համար
ԱՆ բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ այս տարի իրագործվող ծրագրերից սրտի անհետաձգելի վիրահատության շրջանակներում բժշկական օգնություն է ստացել 1068 քաղաքացի: Արդեն իսկ պետական պատվերի շրջանակներում կատարվել է 2308 սրտի վիրահատություն, որից 1426-ը փոխհատուցվել է ամբողջությամբ, իսկ 882-ը՝ մասնակի: Նրանց մեջ են մտնում նաև սոցփաթեթի շահառուները:
Հաճախ ենք լսում, որ պետպատվերի շրջանակներում իրականացվող վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Սակայն ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ անհետաձգելի վիրահատությունների համար հերթագրում ասվածը չի գործում: Հերթագրումն իրականացվում է խրոնիկ հիվանդությունների պարագայում և այն վերահսկվում է կառավարության համապատասխան որոշմամբ: Խոսելով մանկական սրտաբանությունից՝ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետը նշեց, որ Հայաստանում մեկ կլինիկայում են մատուցվում մանկական սրտաբանության ծառայություններ, տարեկան 500-ից 600 մանկական սրտեր են պետպատվերի շրջանակներում վիրահատվում: Սակայն ԱՆ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ գերատեսչության ծրագրերում է ունենալ մանկական սրտային վիրաբուժության բաժանմունք և ընդլայնել կլինիկաների թիվը: