ՀասարակությունՑեղասպանություն 100

Օրհնվեցին Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները

Սեպտեմբերի 28-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օծվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո օրեր առաջ կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները:

Երկու խաչքարերը կանգնեցվել են Նորին Սրբության օրհնությամբ ու նախաձեռնությամբ և ազնիվ բարերարությամբ տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների:

Խաչքարերի օծման հանդիսավոր արարողությունից առաջ խոսք ասաց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Մուշեղ Սրբազանը, դիմելով ներկաներին, մասնավորաբար նշեց, որ օրը շատ հատկանշական ու խորհրդավոր է: Անդրադառնալով հայ ժողովրդի համար նվիրական 2015 թ.-ին` նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումով տարին արժևորվեց հայ ժողովրդի համար, իսկ այս կապակցությամբ Մայր Աթոռում վեր խոյացած զույգ խաչքարերի օծումն առիթ է, որպեսզի նահատակության քաղցր լուծը ճաշակած սրբերի համար աղոթք և հայց ուղղվի երկինք: Սրբազանը հավելեց նաև, որ մեծագույն երջանկություն է տեսնել` ինչպես են ամենքը միասնաբար համատեղված սրբություն խորհրդանշող խաչքարերի օծման աստվածային իրողության առջև:

Իր խոսքում Մուշեղ եպիսկոպոսը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պետք է Հաղթության Սրբալույս Մյուռոնով առաջին անգամ օծվեն իրենց վիթխարի չափսերով և հոգևոր իմաստով այս երկու պանծալի խաչքարերը: «Այս երկու խաչքարերը կանգնեցվել են այն հազարավոր խաչքարերի փոխարեն, որոնք այլևս չկան և այն բազմաթիվ հայորդիների փոխարեն, ովքեր ծնկել են այդ խաչքարերի առջև և աղոթքներ վերառաքել Բարձրյալին», — շեշտեց Սրբազան Հայրը:

Այնուհետև խոսքով ներկաներին դիմեց բարերար Հակոբ Տիտիզյանը: Նա վերհիշեց այն ուղին, որով անցել են այս երկու խաչքարերը: Տիար Տիտիզյանը երախտագետ սրտով շնորհակալություն հայտնեց նաև քանդակագործներին, ճարտարապետներին, որոնք շուրջ ինն ամիսներ տքնեցին, որպեսզի ստեղծվեին այս սրբությունները: Նա նաև վստահություն հայտնեց, որ խաչքարերի տեղադրումը պետք է գալիք սերունդներին պատմի հայ ժողովրդի փառավոր մշակույթի, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների անմահ հիշատակի և հայոց ներկա վերածննդի մասին:

Խոսքից հետո տեր և տիկին Տիտիզյանների կողմից քողազերծվեցին երկնասլաց խաչքարերը: Ապա կատարվեց խաչքարերի օրհնության արարողությունը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց իրենց կերտվածքով եզակի խաչքարերը:

Արարողության ավարտին տեղի ունեցավ նաև ընդունելություն, որի ժամանակ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց Տիտիզյան ընտանիքի անդամներին:

Ամենայն Հայոց Հայրապետը տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյաններին, ինչպես նաև տեր և տիկին Քրիս Տիտիզյաններին եկեղեցանվեր գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց:

Back to top button