Հասարակություն

Որոշվեցին «Ոսկե բանալի» եւ «Ժանգոտ կողպեք» կոչումներին արժանացած պետական մարմինները

sonahakobyan

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Տեղեկատվության ազատության կենտրոնն օրվա կապակցությամբ  2003 թվականից անցկացվում է  ամենամյա «Տեղեկատվության ազատության  մրցանակաբաշխություն»: Տեղեկատվության ազատության խնդրի կարևորությունը գիտակցում է նաև կառավարությունը, հետևաբար՝ մրցանակաբաշխությանը բացման խոսքով հանդես է եկել և կենտրոնի աշխատանքները խրախուսել է  նաև ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը մրցանակաբաշխության շնորհիվ գնահատվում է «Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» խորհրդանշական անվանակարգերով:

 

Յուրաքանչյուր ոք  տեղեկատվություն ստանալու իրավունք ունի: Այս իրավունքն ընդգծելու նպատակով՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամեն տարի կազմակերպում է «Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը, որի միջոցով ձևավորվում ու ամրապնդվում են հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։

Խորհրդանշական մրցանակները արտահայտում են տվյալ կառույցի թափանցիկ կամ գաղտնի աշխատանքը: Մրցանակաբաշխության արդյուքները որոշել է ոլորտում գործող 8 հկ- ների ներկայացուցիչներից և փորձագետներից բաղկացած անկախ ժյուրին, արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխության արարողությանը նշեց կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Մեծապես կարևորելով Հայաստանում տեղեկատվության ազատության խնդիրը՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ այս մրցանակաբաշխությունը նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու պետական կառավարման համակարգի թափանցիկության ավելացմանը:

Այսպիսով՝ մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ «Ոսկե բանալին» այս տարի շնորհվեց ՀՀ Կոտայքի մարզպետարանին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, ՀՀ կառավարության աշխատակազմին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, գյուղնախարարության կայքին, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ին: Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը իսկ  որպես տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը:

Այս տարվա «Ժանգոտ կողպեքը» բաժին հասավ Արմավիրի քաղաքապետարանին՝ որպես 2015-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին:

Back to top button