Թուրքիայում չեն բացառվում կտրուկ փոփոխություններ


Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական լարվածությունն ու արտաքին քաղաքական զարգացումները վերլուծելով` թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հավանական է համարել նոյեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ կտրուկ փոփոխություններ հարեւան երկրում։
Արտաքին քաղաքական հարթությունում ևս Անկարայի դիրքերը ամուր չեն: Ռուսական զորքերի տեղակայումը Սիրիայում փոխում է աշխարհաքաղաքական իրադրությունը: Ռուսաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք, իսկ դա նշանակում է, որ ի չիք է դառնում Թուրքիայի բաղձալի երազանքը, այն է՝ թուլացնել Ասադի դիրքերը։
Փոփոխությունները հետագայում ավելի մեծ գլխացավանք կդառնան Թուրքիայի համար, կարծում է թուրքագետը: ՉԻ բացառվում, որ ավելի ու ավելի սրվի ներքաղաքական իրադրությունը, որի ընթացքում էլ սովորաբար թիրախում հայտնվում են քրիստոնյաները ու հատկապես հայերը:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում նկատվող լարվածությունը, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի հետ կապ չունի: Դա Ադրբեջանի սխալ հաշվարկների հետևանք է: Նյույորքյան հանդիպումներից առաջ՝ Բաքուն փորձում էր այդ կերպ ազդել ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Իհարկե՝ դա չի նշանակում, թե Անկարան հավանություն չի տվել այդ գործողություններին։
Թուրքիայի կողմից սադրիչ գործողություններ, սակայն, Հայաստանի ուղղությամբ այսօր չեն սպասվում, քանի որ, ըստ Սաֆրաստյանի, ուշադրությունն այժմ սեւեռված է Սիրիայի վրա։